«Հետաքննող լրագրողները» կդիմեն Եվրադատարան

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր վերադարձրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը և ուժի մեջ թողել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հերքել Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել 450 հազար դրամ փաստաբանական ծախսը։

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթում' 2008 թ. մայիսի 5-ի համարում, տպագրվել է թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը' «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը»: Նույն հոդվածը տպագրվել է նաև «Ազգ» օրաթերթի 2008 թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել է Իջևանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում է քաղաքապետի անունը: Հաջորդել է նաև «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով հոդվածը, որից քաղաքապետը ևս վիրավորվել է:

Իջևանի քաղաքապետը 3 տարի առաջ հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան' պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներին» նույն զանգվածային լրատվամիջոցներով, որով տարածվել էր հոդվածը, «հերքել Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներից», որպես վնասի փոխհատուցում' բռնագանձել փաստաբանական ծախսերը' 930. 000 դրամ գումարի չափով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը(դատավոր' Նախշուն Տավարացյան) մասնակի բավարարել  էր հայցը. դատարանը վճռել էր, որ «Հետաքննող լրագրողները» պետք է հերքի տեղեկությունները և փոխհատուցի ոչ թե 930, այլ՝ 450 հազար դրամ փաստաբանական ծախսը:

«Հետաքննող լրագրողները» պատրաստվում են դիմել Եվրադատարան: Նշենք, որ 2010թ.-ին Հայաստանից  923 գանգատ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական  դատարան։