Փաստաբաններն ինքնակարգավորման քայլեր են ձեռնարկում

Առավելագույնը կես միլիոն՝ որպես փաստաբանական ծախսի փոխհատուցում

ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) ներկայացուցիչները մտահոգված են վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացման հետևանքով աճող դատերի թվով և փաստաբանական ծառայությունների համար՝ որպես փոխհատուցում գանձվող ոչ ողջամիտ գումարների չափով:

Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները նշեցին, որ այդկերպ ոտնահարվում են ոչ միայն ԶԼՄ-ների իրավունքները, այլև մեծանում է անվստահությունն  ու ոչ հարգալից վերաբերմունքը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

2010թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ  կատարվեցին և վիրավորանքի և զրպարտության հոդվածները ապաքրեականացվեցին։

Այս հոդվածներով մինչ այժմ տեղի ունեցած դատական գործերի ընթացքում հայցվորը  պահանջում է նաև դատական ծախսերի փոխհատուցում։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը, սակայն վերջին դատական գործերի ժամանակ, ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ այդ ողջամիտ չափերը երբեմն կազմում են միջինը 2մլն դրամ:

«Դրա համար քննարկումների միջոցով մենք փաստաբանների պալատում կազմել ենք գումարի ողջամիտ չափերը, որոնք այսօր փաստաբանների պալատի խորհրդի նիստում հաստատվելուց հետո ներկայացնելու ենք նաև դատական համակարգին»,- հայտնում է Զոհրաբյանը:

Փաստաբաններն առաջարկում են հետևյալ սակագները՝ վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի դեպքում 300 հազար դրամ, իսկ վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության համար՝ 500 հազար դրամ:

Փաստաբանները կես կատակ, կես լուրջ նշեցին, որ կարելի է հետագայում մտածել հատուկ փոխհատուցման սակագներ առանձին բառերի դեպքում, օրինակ՝ ապուշ, հիմար, դեբիլ և այլն:

Առավոտ օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը նշեց, որ Հանրապետության առաջին դեմքերի փաստաբանները մեծ գումարներ են ստանում, քանի որ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի համար պատիվ չէ իր փաստաբանին միայն 300 հազար դրամ վճարել:

«Հենց դրա համար էլ մենք առաջարկում ենք, որ եթե անգամ նրանք մեծ գումարներ են ծախսում, դատարանում՝ որպես փոխհատուցում, չկարողանան նույնքան գումար պահանջել, որ բոլորի համար գործեն հավասար պայմաններ»,-նշեց  Զոհրաբյանը:

Փաստաբաններն ամեն դեպքում կոչ են անում նաև լրատվամիջոցներին լինել չափավոր, քանի որ հերքում տպագրելուց հետո անընդհատ նույն վիրավորական բառով հին հոդվածը տպագրելը և հիշեցնելը ևս ճիշտ մոտեցում չէ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am