ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարզային ՀԿ-ները հմտանում են մարդու իրավունքների պաշտպանության մեջ (վիդեո)
«Հայաստանի մարզերում մարդու իրավունքների բնագավառն այնքան էլ զարգացած չէ, մեր նպատակն է ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներ, որոնք վեր կհանեն խախտումները և ներպետական համապատասխան կառույցների հետ համագործակցելով (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և այլն) կհասնեն ինչ-որ դրական արդյունքների մարզերում»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ «Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի ակնկալիքները նշելիս։
Հայաստանի տարբեր մարզային հասարակական կազմակերպությունների 45 անդամներ «Համայնքների ձայնը' հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում զարգացնում են շահերի պաշտպանության իրենց կարողությունները։
«Մարդու իրավունքների կրթության» առաջին դասընթացն անցկացվեց Ծաղկաձորում: Հայաստանի մարզերի 9 համայնքների (Ալավերդի, Գավառ, Գյումրի, Կապան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տավուշ, Վարդենիս) հասարակական կազմակերպությունների անդամներ դասախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով սովորեցին, թե ինչ են մարդու իրավունքները, ծանոթացան մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային կառույցներին (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՄԱԿ, ԵԱՀԿ) և դրանց դիմելու մեխանիզմներին։
«Ծրագրի նպատակն է World Vision-ի համայնքային կառույցների ակտիվիստներին ծանոթացնել մարդու իրավունքներին, իրավունքների պաշտպանության մեխանիզմներին՝ շեշտը դնելով հատկապես քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա, շահերի պաշտպանության բնագավառում հմտություններ սովորեցնել, այդ թվում՝ մարդու իրավունքների մոնիտորինգի մեխանիզմները, որպեսզի կարողանան ավելի մասնագիտացված մոնիտորինգներ իրականացնել, զեկույց գրել և դրա հիման վրա իրականացնել շահերի պաշտպանություն»,- նշում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Ծրագիրն իրականացվում է World Vision-Armenia-ի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից և տևելու է երկու տարի:
Մարզային ներկայացուցիչները կանցնեն ևս երեք դասընթաց, որից հետո յուրաքանչյուրն իր համայնքում կիրականացնի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մոնիտորինգ։ Վեր հանված խնդիրները կլուսաբանվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում։
Մերի Ալեքսանյան
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
