ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել են զորակոչի դիտարկման արդյունքները

2010 թվականի աշնանային զորակոչի նախապատրաստման և անցկացման դիտարկման արդյունքները մարտի 16-ին քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դիտարկումն, ըստ ԱԱԽ գործունեության 2011 թվականի տարեկան ծրագրի, իրականացրել է անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:
"Դիտարկումների արդյունքում արձանագրվել են և բարելավումներ, և թերություններ: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է խստացնել հսկողությունը բժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամբ` վերացնելու կաշառքով կամ ծանոթ-բարեկամով բանակից ազատվելու արատավոր գործելակերպը, քննարկել զորակոչիկների բժշկական փորձաքննություն անցկացնելու մասնագիտական համալիր կենտրոնի ստեղծման հարցը, այս աշխատանքներում ներգրավել մարզային պոլիկլինիկաները և բուժծառայությունները",- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման հետ մեկտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը մնում է կարևորագույն ուղղություններից մեկը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից:
Աղբյուր՝ http://lragir.am
