ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ դատարանը վերսկսում է «Միլանոյի» գործի քննությունը

Փետրվարի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ն.Բարսեղյան, դատավորներ՝ Ն.Հովսեփյան, Ա.Մկրտչյան) հրապարակեց «Միլանոյի» գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացրած վճիռը:
Վերաքննիչ դատարանը, քննելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը «Ավո Ֆ.Մ.Հ»-ի սեփականության իրավունքը ճանաչելու մասին, պարզել է, որ գործի քննությունը պատշաճ մակարդակով չի կատարվել: Դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները, վերսկսում է գործի քննությունը:
Հիշեցնենք, որ «Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը վերաքննիչ բողոք էր ներկայացրել և պահանջում էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հոկտեմբերի 6-ին կայացրած վճիռը: Այդ վճռով «Օլիմպին» պատկանող «Միլանո» խանութի տարածքի (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 4) սեփականության իրավունքը գրանցվել է «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ անունով: Ավելի վաղ՝ 2007թ.-ին նույն տարածքը ճանաչվել էր «գերակա հանրային շահ»:
Առաջին ատյանի դատարանում «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հայցի քննությանը «Օլիմպ» ԱԿ-ն չի մասնակցել: Կոոպերատիվի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարվել են, քանի որ իրենք մասնակից չեն դարձել անմիջականորեն իրենց վերաբերող գործի քննությանը:
Վճռի հրապարակումից հետո լրագրողներին պարզաբանում տվեց «Օլիմպ» ԱԿ փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա անհասկանալի է համարում դատարանի նման որոշումը և կարծում է, որ այդ կերպ «փորձում են արդար դատաքննության պատրանք ստեղծել»:
«Նման լիազորություն չունի Վերաքննիչ դատարանը վերսկսել գործի քննություն: Նա կարող է շարունակել բողոքի քննությունը: Իսկ այսօր վերաքննիչ դատարանը հայտարարեց, որ ցանկանում է ապացույցները հետազոտել»,- ասում է Հայրապետյանը:
Նա կարծում է, որ «գործը չեն ցանկանում ուղարկել առաջին ատյանի դատարան»: «Եթե մեր բողոքը բավարարվեր, առաջին ատյանի վճիռը կորցնում էր իր օրինական ուժը, և «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը դադարեցվում էր գույքի նկատմամբ, ինչը բնականաբար բավականին մեծ քայլ կլիներ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի դեմ: Հավանաբար, այդ քայլին չգնալու համար և արդար դատաքննություն իրականացնելու պատրանք ստեղծելու համար միջանկյալ որոշում է ընտրվել»,- եզրակացնում է փաստաբանը:
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հետագա քայլերը պարզ կդառնան հաջորդ դատական նիստին մասնակցելուց հետո:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
