Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաները դեռ պաշտպանված չեն օրենքով

Այս շաբաթ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և «Երեխաների իրավունքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծային փաթեթը, հասարակական և միջազգային կազմակերպությունների համոզմամբ, կարող է ամրապնդել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները։

Ինչպես փետրվարի 18-ին Հայաստանում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների իրավունքների խթանում» ծրագրի ամփոփման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիետա Խուրշուդյանը, եթե նախկինում օրենսդրական դաշտը միայն մեծահասակների համար էր գործում, այս փաթեթի ընդունվելուց հետո այն կտարածվի նաև երեխաների վրա։

«Այսինքն՝ այդ երեխաները հեռախոսակապի, նամակագրական կապի, առաջին անհրաժեշտության իրեր ունենալու և ձեռքբերելու, տեղեկություններ ստանալու և սոցիալական ապահովության իրավունքից օգտվելու, իրավաբանական օգնություն ստանալու և այլնի իրավունք կունենան»,- ասաց Խուրշուդյանը։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների իրավունքների խթանում» ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության կողմից տրամադրած 83211 եվրո գումարով և Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրած 29000 եվրո գումարով։

Իրավական տեսանկյունից կատարվել են օրենսդրական վերոնշյալ բարեփոխումները։ Ծրագրի փորձագետ իրավաբան Թագուհի Հովսեփյանը նշում է, որ օրենքները չեն համապատասխանել միջազգային կոնվենցիաներին և համաշխարհային առողջապահության կազմակերպության հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հանձնարարականին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ոչ հոժարաբար հոսպիտալացմանը, երբ մարդկանց առանց իրենց ցանկության մեկուսացնում են հասարակությունից՝ տեղավորելով հոսպիտալներում։

«Օրենքով ասվում էր՝ դա կիրառվում է, երբ անձը վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար, այս առումով օրենքը մասամբ կարգավորված է: Բայց մենք ավելացրել ենք մի դրույթ, ըստ որի, թույլատրվում է հոսպիտալացնել, եթե հակառակի դեպքում նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասում է Հովսեփյանը։

Փոփոխության են ենթարկվել նաև օրենքի այն հոդվածները, որոնց վերնագրերը չեն համապատասխանել հոդվածի բովանդակությանը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am