ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կայուն ընթացք դեպի արժանավայել աշխատանք

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգ ծրագրի շրջանակներում, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին երկու տարիներին կազմակերպել են կարճաժամկետ ուսուցողական ծրագրեր' գործազուրկներին տեղի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով վերապատրաստելու համար: Ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին այս նախաձեռնությունն առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանում գործազրկության աճող միտումը կանխելու համար:
Հետագայում աշխատանքի տեղավորմամբ առաջին մասնագիտական վերապատրաստումները մեկնարկեցին 2009 թ. օգոստոսին և համարվեցին շատ հաջողված. ծրագրին մասնակցեց 170 գործազուրկ, որոնց 75 տոկոսն արդեն իսկ տարբեր աշխատանքների են տեղավորվել երկրի ողջ տարածքում: Երկրորդ փուլում ընդգրկվեց 400 ուղղակի շահառու, որոնց 80 տոկոսն աշխատանքի տեղավորման առաջարկներ ստացավ:
Զարգացնելով դրական արդյունքները և ձգտելով ընդլայնել նախաձեռնության շրջանակներն ու ընդգրկել ավելի շատ գործազուրկների' Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակն առաջարկեց շարունակել գործազուրկներին ցուցաբերվող աջակցությունը և նախաձեռնեց ծրագրի երրորդ փուլը: ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված է ներկայումս լուրջ անկում ապրող գյուղատնտեսության հատվածում գործազրկության խնդրի լուծմանը:
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչևան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախար պրն. Արթուր Գրիգորյանը ստորագրեցին համաձայնագիր գրանցված երիտասարդ գործազուրկների համար լայնածավալ վերապատրաստումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ, հետագա աշխատանքի տեղավորմամբ' հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի գյուղատնտեսական հատվածին:
2011 թվականի ծրագիրը գյուղաբնակ ավելի քան 170 գործազուրկ երիտասարդներին հնարավորություն կտա բարձրացնել հմտությունները ներկայումս ներքին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող գյուղատնտեսական մասնագիտություններում:
<<Սա ՄԱԶԾ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև երկարատև և ռազմավարական գործընկերության ևս մեկ օրինակ է: Տարիների մեր համագործակցության հիմնական արդյունքը հասցեագրված, արագ և ճկուն արձագանքն է երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Աղքատության նվազումը և հիմնական սոցիալ-տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը մարզերի բնակչության առավել խոցելի շերտերի համար ՄԱԶԾ-ի առաջնահերթ խնդիրներից են: Մենք գործում ենք ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակով, ինչը մեզ ցանկալի գործընկեր է դարձնում' աջակցելու ազգային կարողությունների երկարատև զարգացմանը: Ես համոզված եմ, որ ՄԱԶԾ-ի լավագույն փորձը մասնագիտական կրթության բնագավառում դրական ազդեցություն կունենա Հայաստանում մարդկային զարգացման վրա և կխթանի զբաղվածության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը ողջ երկրում>>, - ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
ՄԱԶԾ-ի ՄԿՈՒ ծրագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից <<Պետական զբաղվածության ծառայություն>> գործակալության և մասնագիտական վերապատրաստում տրամադրող կազմակերպությունների միջև արդեն իսկ ձևավորվել է ամուր եռակողմ գործընկերություն, ինչը կարևոր նախապայման է ծրագրի երրորդ փուլի հաջող իրականացման համար: Մասնագիտական վերապատրաստումները կտևեն երկուսից չորս ամիս' կախված ներկայացվելիք և մատուցվելիք ՄԿՈՒ պետական կրթական ծրագրերի բուն բովանդակությունից: ՄԱԶԾ-ն վերապատրաստվողների կվճարի նաև ամսեկան կրթաթոշակ:
Աղբյուր' www.lragir.am
