Այսօր Անվտանգ Ինտերնետի միջազգային օրն է (video)

Այս տարի Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվա կարգախոսն է «Սա խաղ չէ, սա իրական կյանք է»։ 
Օրվա հետ կապված «Մայքրոսոֆթ» և «Վորլդ Վիժն» ընկերությունները դպրոցականների համար կազմակերպել էին կլոր սեղան, որի նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել ՏՏ ոլորտի զարգացումներին և ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններին: 
Ամփոփվեցին նաև «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթի արդյունքները։

Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Գրիգոր Բարսեղյանի փոխանցմամբ, երեխաների առցանց (online) անվտանգությունն այսօր ոլորտի կարևորագույն և հրատապ խնդիրներից է։
«Անցկացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդների 75%-ը այս կամ այն կայքի միջոցով ստացել է տարբեր առաջարկներ, նրանցից 37 %-ն արձագանքել է դրանց, իսկ 10%-ն ունեցել է լուրջ խնդիրներ»,-նշեց Գրիգոր Բարսեղյանը։

Պարոն Բարսեղյանի փոխանցմամբ, հայտարարված է անվտանգության միամսյակ, որի շրջանակներում հանրապետության յոթ դպրոցներում կանցկացվեն ուսուցողական և կրթական համապատասխան միջոցառումներ։
«Վորլդ Վիժն» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը կազմակերպել է միամսյակ «Պահպանենք երեխաներին առցանց» խորագրով։

«Աշխատելու ենք հանրապետության տարբեր դպրոցներում և ուսուցանելու ենք անվտանգ օգտվելու կանոնները։ Կրթելու ենք նաև ծնողներին և ուսուցիչներին։ Գործելու է նաև թեժ գիծ»,-նշեց «Վորլդ Վիժն» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ղուկասյանը։

Աղբյուր' www.panorama.am

Տեսահոլովակը` YouTube.com