Խնդիր. Կրճատել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը

Զբաղվածության ոլորտում 2011 թվականին նախատեսված միջոցառումները բխում են ոլորտի հիմնախնդիրներից և առաջադրված գերակայություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

Նա նշեց, որ ոլորտի հիմնախնդիրներից է կրճատել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը, աջակցել աշխատաշուկայում անմրցունակ խմբերին զբաղվածության հարցում, մասնավորպես ապահովել հաշմանդամների զբաղվածությունը, կրճատել նաև գյուղական բնակավայրերի բնակչության, հատկապես երիտասարդների թերզբաղվածությունը`նրանց ներգրավելով ակտիվ աշխատաշուկայում, ինչպես նաև աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար աշխատանքի տեղավորման հնարավորությունների ստեղծումը:

Նրա խոսքով, ոլորտում բարեփոխումներ կատարելու համար կատարվել է նաև օրենսդրական փոփոխություն`2010 թվականի դեկտեմբերին ընդունվել է և 2011 թվականին հուվարի 15-ին վավերացվել է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Ս. Հարությունյանը հայտնեց, որ այս օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից, որի արդյունքում զբաղվածության ոլորտում կիրականացվի շուրջ 15 ծրագիր:

Նրա խոսքով, բացի պետական մի շարք ծրագրերից այս տարի նախատեսվում է միջոցառումներ իրականցնել միջազգային համագործակցության համատեքստում:

Ս. Հարությունյանը հայտնեց, որ ՀԲ Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրով նախատեսված է մարզերի աշխատանք փնտրողների մասնագիտական ուսուցում:

Գործազուրկ անձանց համար նախատեսվում է իրականացնել «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագիր Գերմանիայի ժողովրդավարական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ:

Հաշմանդմների զբաղվածության աջակցության նպատակով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը HDP հիմնադրամի հետ Նիդերլանդների կառավարության աջակցությամբ կշարունակի իրականացնել «Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ`որպես խոստումնալից աշխատուժ» ծրագիրը, որում կընդգրկվեն շուրջ 240 հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Աղբյուր`www.panorama.am