ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հղիներին լսեցին

Փետրվարի 1-ին կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը:
Համաձայն առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը:
Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:
Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները:
Նախագիծը և հանրային քննարկման հրավերը կտեղադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում: Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
