Մինչև 7 տարեկան երեխաներն անվճար բուժօգնություն կարող են ստանալ նույնիսկ հավաստագրի բացակայության պարագայում

2011 թվականի հունվարի 1-ից առ այսօր հանրապետությունում տրամադրվել է մինչև 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության 97 հազար հավաստագիր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

Նրա խոսքով, կառավարության կողմից անվճար հավաստագրերի ծրագրի իրականացման համար տրամադրված 3 մլրդ դրամի շրջանակներում հանրապետության ստացիոնար բոլոր բժշկական հաստատություններում մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կիրականացվի բացարձակապես անվճար։

«Անվճար բուժօգնության որոշումը կար նաև նախկինում, սակայն՝ թղթի վրա։ Պատճառը ֆինանսական անբավարար պայմաններն էին, պետպատվերի գումարների սղությունը։ Ներկայումս ծրագրին հատկացված լրացուցիչ 3 մլրդ դրամը թույլ կտա լրացնել մինչ այս եղած բացը»,- նշեց Շուշան Հունանյանը։

Նա նաև շտապեց տեղեկացնել, որ մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժումը կարող է իրականացվել նույնիսկ հավաստագրի բացակայության պարագայում։ «Եթե երեխան, ասենք, 3 տարեկան է, և դեռ հավաստագիր չունի, դա դեռ չի նշանակում, որ նա զրկվում է սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքից»,- ընդգծեց Հունանյանը։

Նախարարության մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, հավաստագիրը մինչև 7 տարեկան երեխաներին հնարավորություն է տալիս նաև անվճար վիրահատությունների ենթարկվել։ 

Հունանյանը նաև տեղեկացրեց, որ վերոնշյալ հավաստագրերին զուգահեռ, 2011 թվականի հունվարի 1-ից շուրջ 5 հազար նորածինների տրամադրվել են նաև երեխայի առողջության անձնագրեր։ «Սա բավական հետաքրքիր տեղեկատվական գրքույկ է, ուր նշվում են նորածնի հասակին, քաշին վերաբերող անձնական տվյալներ, ինչպես նաև ցուցումներ ծնողներին»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության տվյալներով, մինչև հունվարի 25-ը Երևանում ծնվել է 1414 երեխա։

«Ինչ վերաբերում է երեխաների մահացությունների դեպքերին, 2009 թվականի տվյալներով, (քանի որ 2010-ի տվյալները դեռ չեն ամփոփվել) Հայաստանում մահացել է 0-1 տարեկան 454 , 0-7 տարեկան՝ 74 երեխա»,- ասաց նա։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով նախաձեռնված, մինչև 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության հավաստագրեր տրամադրելու ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից։

Աղբյուր' www.news.am