ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երևանի անօթևանների համար նախատեսված կացարանը մինչ օրս ապաստանել է 1260 անձի
Երևանի անօթևանների համար նախատեսված կացարանը 2006թ-ից մինչ օրս ապաստանել է 1260 անձի: Ինչպես այսօր' հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը, կացարանը ներկայումս նախատեսված է 60 անձի համար: Նախկինում այն նախատեսված է եղել 30, այնուհետև 50 անձի համար:
Ա. Գևորգյանը նշեց, որ անհրաժեշտությունից ելնելով' ընդլայնվել են կացարանի հնարավորությունները: "Ներկայումս կացարանն ամբողջությամբ զբաղված է: Դիմողների թիվն ավելանում է հատկապես ձմռանը: Ամռանն անօթևանները գիշերում են կայարաններում, շենքերի մուտքերում և այլ տեղերում, իսկ երբ եղանակը ցրտում է, դրսում գիշերել հնարավոր չէ":
Ա. Մարկոսյանի խոսքով' շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ փաստաթղթերի խնդիրներ են ունենում, և կացարանի մասնագետները փորձում են օգնել նրանց: Կացարանում անօթևանները կարող են բնակվել 60 օր: Ա. Մարկոսյանը նշեց, որ իրենց դիմած անօթևանները 18 տարեկանից բարձր անձինք են:
Նրանց թվում հիմնականում գերակշռում են միջին տարիքի անձինք: Ա. Գևորգյանի խոսքով, եթե անօթևանը ծեր է, տեղավորում են տուն-ինտերնատում, եթե աշխատելու ունակ է, ապա փորձում են տեղավորել աշխատանքի, հիվանդ լինելու դեպքում' լուծում են առողջական խնդիրները:
"Անօթևանների համար նախատեսված կացարանը միակն է Հայաստանում: Վերջին 3 տարիներին "Հանս Քրիստիան Քոֆոեդ" հասարակական կազմակերպությունը նույնպես անօթևանների խնդրով էր զբաղվում' տրամադրելով հագուստ, սնունդ, որոշ ժամանակով գիշերելու վայր և այլն: Ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունն առայժմ չի գործում",-ասաց Ա. Գևորգյանը: Նրա խոսքով' անհրաժեշտություն կա ավելացնել անօթևանների համար նախատեսված կացարանի թիվը, որովհետև եղածը չի բավականացնում: Ա. Գևորգյանը նշեց, որ պետք է նման կացարան ստեղծել նաև Գյումրիում, որտեղ նույնպես բազմաթիվ անօթևաններ կան:
Աղբյուր' www.armenpress.am
