Առաջարկում են խստացնել սեռական անձեռնմխելիության դեմ գործած հանցանքի համար պատիժը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկ ներկայացնել օրենսդրին: Առաջարկվող փոփոխությունները շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների քննարկմանը ներկայացվեցին հունվարի 24-ին «Կոնգրես» հյուրանոցում:

Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության համար հիմք են հանդիսացել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի դատական գործընթացը և «Կանանց ռեսուրսային կենտրոնին» կից սեռական բռնության ճգնաժամային ծառայությանը դիմող կանանց թվի կտրուկ աճը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ և մշակման ընթացքում ուսումնասիրվել է Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրների փորձը այդ ոլորտում:
Նախաձեռնության հեղինակներն առաջին հերթին ընդգծում են, որ անչափահասի սեռական անձեռնմխելիության իրավունքի խախտման համար Քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը պետք է հանվի և փոխարինվի ազատազրկմամբ:

Հիմնական առաջարկություններն են՝ խստացնել օրենքով նախատեսված պատիժը հետևյալ դեպքերում, եթե սեռական բռնի գործողությունները կատարվել է՝ ա) հղի կնոջ նկատմամբ, բ) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ, գ) 14 տարին չլրացած անձի նկատմամբ, դ) անչափահասի նկատմամբ ծնողի կամ խնամակալի կողմից, և ուղղիչ հիմնարկներում, կալանավայրերում, զորամասում, բուժհաստատություններում:
Նախագծով առաջարկվում է գործող օրենքով սահմանված վաղեմության ժամկետը երկարացնել և հաշվարկել չափահասության տարիքից, որպեսզի այն անչափահասը, ով ինչ-ինչ պատճառներով, խոցելի վիճակում գտնվելով չի կարողացել պաշտպանել իր իրավունքը հանցագործության կատարման պահին, հնարավորություն ունենա դատարան դիմել չափահաս դառնալուց հետո:

Գործող օրենքով անչափահաս է դիտվում 16 տարին չլրացած անձը: Նախագծում իրավապաշտպաններն առաջարկում են 16-ը դարձնել 18, քանի որ ամբողջ աշխարհում երեխա է համարվում 0-18 տարեկան անձը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնը» դեռ աշխատում է օրենքի նախագծի վրա և պատրաստ է լսել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և կառույցների դիտողություններն ու առաջարկությունները:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am