Այսօր Վահան Խալաֆյանը կդառնար 25 տարեկան

Հունվարի 19-ին Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 25 տարեկան:

Հիշեցնենք, որ Խալաֆյանը 2010 թվականի ապրիլի 13-ին բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին գողություն կատարելու կասկածանքով, որտեղ մահացել է: Պաշտոնական վարկածով նրան բռնության են ենթարկել, որի արդյունքում նա խոհանոցային դանակով ինքնասպան է եղել: Տղայի հարազատները պնդում են, որ Վահանը չէր կարող երկու անգամ դանակով հարվածել որովայնին, հետևաբար նրան սպանել են:

Առաջին ատյանի դատարանում գործի քննությունն ավարտված է: Պաշտոնեական դիրքը չարաշահելու և Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Խալաֆյանի գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը: Ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բաժնի օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել։

Խալաֆյանի իրավահաջորդները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հույս ունենալով, որ Վերաքննիչ դատարանում կբացահայտվի իրական մեղավորը: 

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am