ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԼՄ-ին եթերից զրկելը Տ.Կարապետյանը համարում է ցինիկ անարդարություն

«Երբ ասում են` դու կհաղթես, ու գնում ես փաստի առաջ... Երբ մշտապես ասում են` լավ կլինի, չգիտեմ ինչ կլինի... Ուրեմն, իշխանությունը չպետք է խաբի, իշխանությունը չպետք է վարկաբեկվի: Իշխանությունը պետք է անկեղծ ասի, եթե ցանկանում է, որ դու չլինես, պետք է ասի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «ԱԼՄ հոլդինգի» ղեկավար և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Իսկ ո՞վ է ձեզ նման խոստում տվել»,- www.hra.am-ի հարցին Տ.Կարապետյանը պատասխանեց, թե «այդ առումով ես չեմ ասել». «Փաստորեն մենք ընտրել էինք չարիքի նվազագույնը այն առումով, որ մեր հայտը ներկայացրել ենք երիտասարդական Երևան սփռման այն առումով, որ ասենք հարուստների հետ, որոնք կարան 10 միլիոն դնեն, 100 միլիոն դնեն, չբախվենք»:
Նա ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերից զրկելը բնորոշում է որպես «բացառիկ, ցինիկ անարդարություն»:
Նրա խոսքերով` միակ խնդիրը ԱԼՄ-ին եթերից զրկելն էր, որովհետև «բոլոր դավադրությունները եղել են ԱԼՄ-ի դեմ», և մրցույթից տուժել են միայն իրենք:
Իսկ ինչո՞ւ հենց ԱԼՄ-ն, որովհետև, Կարապետյանի համոզմամբ, իշխանությունները չեն կարողանում հանդուրժել «արդար և սուր» խոսք:
Նա խորհուրդ է տվել հեռուստաընկերության կոլեկտիվին ՀՌԱՀ-ի դեմ հայց ներկայացնել դատարան, բայց անձամբ չի ցանկանում մասնակցություն ունենալ այդ գործերում։
«Ես ոչ մեկին դատի չեմ տալու, ես մեղադրելու եմ և պայքարելու եմ մինչև վերջ: Դա ավելի արդյունավետ է, քան դատի տալը, մանրանալը, ժամանակ ձգելը»,- ասում է նա:
Իր առաջիկա գործունեությունը «ԱԼՄ հոլդինգի» ղեկավարը կապում է ընկերության կողմից հիմնադրված մամուլի ակումբի, ամսագրի և կայքի հետ: Իհարկե, պարբերաբար խոստանում է կազմակերպել հանրահավաքներ: Նա մտադիր է պահել աշխատակազմից 10 հոգու, իսկ մնացած 84 աշխատողները կդառնան գործազուրկ, ինչը նա համարում է շատ «չար» որոշման արդյունք:
Տիգրան Կարապետյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե ինքը համագործակցելու է «Երևան» հեռուստաընկերության հետ։
«Դա սուտ է: Ես ոչ մի բան չեմ ընդունել ոչ մեկի կողմից, ոչ էլ կընդունեմ, ոչ էլ համագործակցելու եմ։ Ես կհամագործակցեմ ժողովրդիս հետ»:
Կարապետյանը եկավ այն եզրակացության, որ իշխանությունները, փակելով ԱԼՄ-ն, դրական են ազդել իր վարկանիշի վրա և իրեն «հերոս» են դարձրել, այլապես այսքան հեռուստաընկերություններ չէին գա լուսաբանելու իր ասուլիսը. «ԱԼՄ-ն, այո՛, Աստծո կամքով է փակվել, որ ես մինչև վերջ առճակատման գնամ: Ես ասել եմ` թո՛ղ քավության նոխազը լինի ԱԼՄ-ն»,- ասում է նա:
Ժողովրդական կուսակցությունը ունի կադրերի պակաս, և դա կուսակցության առաջնորդը չի հերքում։ Սակայն դա չի խանգարի Տիգրան Կարապետյանին մասնակցելու առաջիկա ընտրություններին՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
