Պետավտոտեսուչները ավելի շատ խրախուսվում են, քան պատժվում

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հունվարի 12-ին լրագրողներին ներկայացրեց 2010թ ամփոփ տվյալները, որոնք, ըստ ոստիկանության գնդապետի, բոլորի համար էլ «ցանկալի» են:

2010-ին ՃՈ գրանցել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել է 293, իսկ վիրավորվել՝ 2671 մարդ: Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը կրճատվել է 28-ով, զոհերի թիվը՝ 32-ով, վիրավորներինը՝ 82-ով:

2008-ի համեմատ վերջին երկու տարվա ընթացքում մոտ 200-ով պակասել է պատահարների հետևանքով գրանցված մահացությունների թիվը: Նորիկ Սարգսյանը սրանից հետևություն է անում, որ ճանապարհային ոստիկանությունը «փրկել է 200 մարդու կյանք»:

Խախտում կատարելու համար հետիոտների նկատմամբ 22.824 արձանագրություն է կազմվել: Իսկ ընդհանուր առմամբ, 2010-ին ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 728.644 դեպք է հայտնաբերել, ինչը 53.000-ով ավելի է 2009-ի ցուցանիշից։ Դրանցից 110.426-ը վերաբերում են ամրագոտիներ չկապելուն: Կազմված արձանագրությունների շնորհիվ մոտ 2 մլրդ 700 մլն դրամ է վճարվել պետբյուջե:

Հունվարի առաջին 10 օրերի ընթացքում գրանցվել է 61 պատահար, 5 զոհ և 111 վիրավոր: Ի դեպ, Նորիկ Սարգսյանը ընդգծում է, որ միայն նյութական վնասով պատահարները, երբ զոհեր և վիրավորներ չեն լինում, 2-3 անգամ ավելի են: Բայց այդպիսի պատահարները բոլորը ենթակա չեն պետական հաշվառման:

Նորիկ Սարգսյանը հիշեցնում է, որ հունվարի 1-ից ճանապարհային ոստիկանությունը 50.000 դրամ տուգանք է կիրառում այն վարորդների նկատմամբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր: ՃՈ տվյալներ չունի կեղծ ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ, որոնք, Սարգսյանի խոսքերով, այնքան էլ հեշտ չէ հայտնաբերել, քանի որ տվյալների բազան դեռ ամբողջական չէ: Նրա հավաստմամբ այդ խնդիրը կլուծվի փետրվարի 1-ից սկսած:

«Ինչպե՞ս եք պայքարում ՃՈ համակարգում տիրող կոռուպցիայի դեմ և ինչպե՞ս եք վերաբերվում շատ տարածված վարորդ-պետավտոտեսուչ փոխհամագործակցությանը»: www.hra.am-ի այս հարցին ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը պատասխանեց. «Յոթ մարդ նման բաների համար հեռացվել է աշխատանքից: Մեր վերաբերմունքը այս թիվն է արտահայտում: Իսկ 700 հոգուց 7-ը մեկ տարվա մեջ հեռացվեն աշխատանքից, երևի թե սրանով դուք էդ վերաբերմունքը կարտահայտեք: Էդ բոլորը ստուգվել են: Կանգնեցրել են ուրիշ բանի համար, պարզվել է՝ ուրիշ բան են գրել, անհարկի են կանգնեցրել, դրա համար էլ հեռացվել են աշխատանքից: Իսկ երևի թե բոլորը չէ, որ հնարավոր է այդպիսի բաներ անեն: Էդ նույն ճանապարհային ոստիկանների մեջ կան խելացի, գրագետ մարդիկ, ու երևի թե հիմնական մասն է դրանց մեջ կազմում: Չի կարելի բոլորին վերագրել...»: Նրա խոսքերով՝ ճանապարհային ոստիկանությունը աստիճանաբար հասնելու է նրան, որ վարորդ-պետավտոտեսուչ համագործակցության դեպքերը նվազեն, ինչի համար հարկավոր է նաև մարդկանց գիտակցությունը բարձրացնել:

Վերջում հավելենք, որ 2010թ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ճանապարհապարեկային ծառայության բաժնի 219 աշխատակից խրախուսվել են, 30-ը ենթարկվել են կարգապահական տույժի, այդ թվում՝ 7-ը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am