«Ա1+»-ը և ՀՌԱՀ-ը այս անգամ համաձայնության եկան, բայց առաջիկայում նոր հայցեր կլինեն

Հունվարի 11-ին ՀՀ վարչական դատարանում դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ քննվեց «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ): Հիշեցնենք, որ «Ա1+»-ը կապուղիների մրցույթի ավարտից հետո ՀՌԱՀ-ից պահանջել էր «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային առաջարկների կրկնօրինակները: Իսկ ՀՌԱՀ-ը պատասխանել էր, որ դրանք կարող է տրամադրել միայն 2011թ. հունվարի 20-ից հետո:

«Ա1+»-ը դիմել է դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի ՀՌԱՀ-ին մինչև հունվարի 20-ը տրամադրել վերը նշված երկու հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների պատճենները: Ընդ որում, «Ա1+»-ը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել պատճենահանման բոլոր ծախսերը:

ՀՌԱՀ-ի պատասխանին հայցվոր կողմը և դատավորը ծանոթացան դատարանում, 10 րոպեանոց ընդմիջման ժամանակ, քանի որ պատասխանող կողմը չէր հասցրել սահմանված ժամկետում ներկայացնել այն:

Մինչ նիստը սկսելը պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց հետաձգելու նախնական դատական նիստը, քանի որ լիցենզավորման մրցույթով զբաղված լինելու պատճառով իրենք չեն կարող մասնակցել դատավարությանը: Դատավորը միջնորդությունը մերժեց անհիմն լինելու պատճառով:

Հայցվոր կողմն իր հերթին միջնորդություն ներկայացրեց կիրառել արագացված դատավարություն, քանի որ իրենք ցանկանում են բողոքարկել ՀՌԱՀ 96Ա որոշումը, որի համար անհրաժեշտ է ունենալ «Արմենիա» և «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների պատճենները: Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց:

Նախնական դատական նիստին «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը ներկայացրեց հայցի առարկան և հիմքերը՝ նշելով, որ ՀՌԱՀ-ը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքները՝ սահմանված ժամկետներում չտրամադրելով պահանջվող տեղեկատվությունը:

ՀՌԱՀ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը նշեց, որ պահանջվող ինֆորմացիան, իրենց կարծիքով, տեղեկատվություն չէ: Նա հայցը համարեց անհիմն, քանի որ հանձնաժողովը չի մերժել տրամադրել պատճենները, այլ ասել է, որ կարող են տրամադրել հունվարի 20-ից հետո: «Դուք գիտեք, որ փաթեթները բազմաէջանոց են և տեխնիկական հնարավորություն չենք ունեցել այդքան փաստաթուղթ պատճենել և տրամադրել թե՛ հանձնաժողովի անդամներին, թե՛ հայցվոր կողմին»,- նշեց ՀՌԱՀ լիցենզավորման և իրավաբանական բաժնի պետը:

Արտակ Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են հունվարի 20-ին տրամադրել փաթեթների պատճենները: 10 րոպեանոց ընդմիջման ժամանակ կողմերը եկան նախնական համաձայնության, որ հունվարի 20-ին ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին կտրամադրի պահանջվող մրցութային փաթեթների կրկնօրինակները, իսկ «Ա1+»-ը հետ կվերցնի իր հայցադիմումը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 20-ին ժամը 16:30-ին:

Նիստից հետո լրագրողներին տված հարցազրույցում ՀՌԱՀ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը նշեց, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն պատճենահանի մրցութային փաթեթները, քանի որ նախկինում փաթեթը պատռելու փորձ է արվել այլ ընկերության կողմից: «Դրանք բիզնես փաթեթներ են և գտնվում են մեր պատասխանատվության տակ և այլ անձի մասնակցությունը պատճենահանման գործընթացին ցանկալի չէ»,- ասաց նա:

«Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ընդհանուր առմամբ գոհ էր արդյունքից, սակայն կարծում էր, որ համաձայնության կարելի էր գալ մինչև դատարան դիմելը, ինչը ՀՌԱՀ-ը չցանկացավ անել: «Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասում է Մ.Մովսեսյանը՝ ավելացնելով, որ մրցույթի ժամանակ իրենք ակնհայտ խախտումներ են արձանագրել «ԱրմՆյուզի» և «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացրած առաջարկներում և դրանք ապացուցելու համար իրենց ձեռքի տակ պետք է լինեն մրցութային փաթեթները:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am