Ծեծկռտուքի հետևանքով մահացել է 20-ամյա երիտասարդ. աշխատանքից ազատվել են գնդապետը և երկու սպա

Տավուշի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտպանության նախարարի հունվարի 10-ի հրամանով աշխատանքից ազատվել են նույն զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը և ևս երկու սպա: Այս մասին www.hra.am-ն հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի ուշ գիշերը Իջևանի զորամասերից մեկի անցագրային կետի մոտ վիճաբանություն է ծագել զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիների միջև։ Արդյունքում ծանր գլխուղեղային վնասվածք ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը հունվարի 10-ին մահացել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

ՊՆ քննչական ծառայությունից www.hra.am-ն տեղեկացրին, որ այս պահի դրությամբ Սերգեյ Կարապետյանը ձերբակալված չէ, բայց չի բացառվում, որ ավելի ուշ ձերբակալվի։ Չի հաղորդվում նաև՝ գնդապետը սթա՞փ վիճակում է եղել, թե՞ ոչ։

Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով, ընթանում է նախաքննություն։
Միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ պաշտոնապես չեն հաղորդվում:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am