ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Տարեկան մահանում է 0-1 տարեկան 400-ից ավելի երեխա»

Մայրական և մանկական մահացության ցուցանիշները` որպես երկրի սոցիալ-տնտեսական ինտեգրալ ցուցանիշներ, կարևորվում են ու հաճախ արտացոլվում միջազգային մոնիտորինգային համակարգում: Դրանք երկրի նկարագիրը նեկայացնող ցուցանիշներ են համարվում: Այսօր այս մասին ԱՆ Երեխայի առողջության պետական հավաստագրի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրով սահմանված «Հազարամյակի մարտահրավերներից» 8 նպատակներից 2-ն անմիջականորեն առնչվում են մոր և մանկան առողջության բարելավմանը:
Նրա խոսքով, վերջին զեկուցագրում Հայաստանի համար այս նպատակները գնահատվել են որպես անհասանելի և այսօր Հայաստանում արձանագրվել է, որ տարեկան մահանում է 0-1 տարեկան 400-ից ավելի երեխա, որոնցից մեծամասնության կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե համապատասխան որակի բժշկական ծառայություններ տրամադրվեին:
«Ներկայում պետությունն իր հովանու տակ է վերցրել մայրության և մանկության առողջության պահպանման խնդիրը, ինչը բխում է նախագահի նախընտրական ծրագրից ու գտնվում է իր ուշադրության կենտրոնում: 2007-2010 թվականներին ծննդօգնության գծով պետական բյուջեից հատկացումները աճել են մոտ 3 անգամ, իսկ 2011-ին երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների կազմակերպման համար տրամադրված բյուջեն կաճի 2 անգամ ու կկազմի 6 մլրդ 338 մլն դրամ»,-ասաց Ա. Բաբլոյանը:
ԱԺ մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ այս ծրագիրը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանը, բուժման արդյունավետությանն ու մահացության ցուցանիշի նվազեցմանը:
Վերջում նա ավելացրեց, որ հանրապետությունում կանանց ու երեխաների հիմնախնդիրների գերակայությունը կարևորված է նաև մի շարք օրենսդրական փաստաթղթերով:
Աղբյուր`http://www.panorama.am
