ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Քննիչները պետք է պատժվեն»

Մարիամ Սուխուդյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' խնդրելով վերացնել ՀԿԳ քննիչի որոշումը և պարտավորեցնել քրեական գործ հարուցել ընդդեմ Էրեբունու քննչական բաժնի երկու քննիչների, որոնք իր նկատմամբ ապօրինի քրեական գործ էին հարուցել:
Բողոքը վերաբերում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ բացահայտումների արդյունքում Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Եթե պատժվել է իրական հանցագործը (Լեւոն Ավագյանը), ապացուցվել է, որ ես մեղավոր չեմ, հետևաբար, ով ինձ սխալ մեղադրանք է առաջադրել, պետք է պատժվի: Ես ուզում եմ նաև նախադեպ ստեղծել, որ մարդիկ տեսնեն, որ չի կարելի անմեղ մարդու նկատմամբ դիտավորյալ մեղադրանք առաջադրել», մեզ հետ զրույցում ասաց Մարիամը:
Նա 2010 թվականի հունիսի 24-ին հանցագործության մասին հայտարարություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն' հայտնելով, որ Էրեբունու քննչական բաժնի կողմից իր նկատմամբ անօրինական գործողություններ են կատարվել: Նրա հայտարարությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական վարչություն, որի քննիչ Վ. Ռ. Հարությունյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Քննիչը որպես մերժման հիմք պատճառաբանել է, թե ՔԳԿ Կենտրոնական բաժնի տեղակալ Վիգեն Մեսրոպյանի արարքում բացակայում է հանցակազմը: Մարիամ Սուխուդյանը այս որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ մերժվելուց հետո դիմել է դատարան:
Մարիամ Սուխուդյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը դատարանի միջոցով պարտադրել էր ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնել Մարիամի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերը: Այսօր դատարանում փաստաբան Նոնա Գալստյանը հայտնեց իր դիրքորոշումն արդեն ներկայացված նյութերի վերաբերյալ: «Հատուկ քննչական ծառայությունը բավարարվել է միայն Վիգեն Մեսրոպյանի բացատրությամբ, որտեղ նա ասել է, թե ինքը Մարիամ Սուխուդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու դիտավորություն չի ունեցել: Մինչդեռ հարուցված քրեական գործը քննել է ոչ միայն Մեսրոպյանը, այլ քննչական խումբը' կազմված երկու քննիչներից: Երկուս ու կես ամիս նախապատրաստված նյութերում բացակայում է մյուս քննիչի բացատրությունը», հայտարարեց Սուխուդյանի ներկայացուցիչը:
Մարիամը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինն ակնհայտ դիտավորությամբ է իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացրել. «Նրանք ուշադրություն էին դարձրել միայն այն ցուցմունքների ու փաստերի վրա, որոնք իմ դեմ էին, իսկ այն ձայնագրությունը, որն ապացուցում էր իմ անմեղությունը կեղծվել է նախաքննական մարմնի կողմից», ասում է Մարիամ Սուխուդյանը:
Նշենք, որ ոչ ՀՀ գլխավոր դատախազության, ոչ էլ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը չէին ներկայացել դատարան, թեև պատշաճ ծանուցվել էին դատական նիստի օրվա և ժամի մասին:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց գործի քննությունն ավարտված և անցավ խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու. այն կհրապարակվի դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին:
Աղբյուր' www.lragir.am
