ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թվային հեռարձակման հայեցակարգի քննադատները առաջարկությունների փաթեթ են ներկայացնելու խորհրդարան

Թվային հեռարձակման հայեցակարգի քննադատները հեռարձակման թվայնացման մասին այլընտրանքային առաջարկությունների փաթեթ են մշակել: Այսօր այդ մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ու ներկայացրեց' առաջարկությունների 31 էջանոց փաթեթի հիմքում հեռարձակման ոլորտի ազատականացման գաղափարն է ընկած։
Նրա վստահեցմամբ, ժամանակակից աշխարհն այդ ճանապարհով է գնում։ «Եթե նախկինում ասվում էր, որ հեռարձակման մրցույթները շատ կարևոր են, ապա տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, երբ արբանյակային, ինտերնետային և կաբելային հեռարձակման ձևերը զարգանում են, հասարակությունն ընտրության լայն հնարավորություն է ունենում, և հետևաբար պետք է ազատականացնել շուկան»,- հավելեց փորձագետը' ընդգծելով, որ հեռարձակման թվայնացման հայեցակարգն ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքը չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները։
Այլընտրանք առաջարկող մասնագետը նշեց, որ իրենք առաջարկում են հեռարձակողին տալ պարզ ընթացակարգով լիցենզիա, որից հետո նա կորոշի՝ մասնակցե՞լ կապուղիների պետական մրցույթներին, թե՞ ընտրել ինտերնետային, կաբելային կամ արբանյակային հեռարձակման ձևերը։
Մյուս կետով, նրանք առաջարկում են պետական շահագործման կապուղիներով հեռարձակման մրցույթների փաթեթները հանրային քննարկման դնել, դրանով հասարակությանը ևս իրազեկելով մրցույթի արդյունքների մասին։
Մելիքյանի տեղեկացմամբ, առաջարկությունների փաթեթը կներկայացվի խորհրդարան, կառավարություն, միջազգային կազմակերպություններին և այլ կառույցների։Իսկ ահա փաթեթի քննարկումները կսկսվեն մյուս տարվանից:
Աղբյուր' www.panorama.am
