ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը, սեփականությունը. Նոր քաղաքապետը երդվեց

Այսօր քաղաքապետարանում անսովոր աշխուժություն էր, առիթը Երևանի նոր քաղաքապետի երդման արարողությունն էր: Քաղաքապետարանի դիմաց երկար կարմիր գորգ էր գցված, և շենք էին մտնում հանրապետության պաշտոնատար անձինք, հրավիրյալներ: Քաղաքապետի երդման արարողությանը ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ ու այլ պաշտոնատար անձինք:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև նախկին քաղաքապետեր Ալբերտ Բազեյանը, Երվանդ Զախարյանը, Ռոբերտ Նազարյանը և Արտաշես Գեղամյանը: Վերջինս բավականին ուրախ էր, մոտեցավ և ջերմորեն ողջագուրվեց ուժային գերատեսչությունների ղեկավարների` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ:
Երդվելով հրավիրյալների առջև նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոստացավ. «Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Նա երդման տեքստն արտասանեց ձեռքը «Երևանում կառավարման ու տեղական ինքնակառավարման» օրենքին դրած:
Քաղաքապետի երդվելուց հետո Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյան նոր քաղաքապետին հանձնեց Երևան քաղաքապետի խորհրդանիշ ոսկյա լանջազարդը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը Երևանի 53-րդ քաղաքապետն է: Իսկ 52-րդ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդիսավոր արարողությանը ներկա չէր:
Աղբյուր`http://www.panorama.am
