Հանդիպում լրագրողների հետ

Այսօր ՙՀայելի՚ ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հակիրճ ներկայացրել է 2010 թ. 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունու հանցավորության դեմ տարվող պայքարի վիճակը:
"Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում լիովին վերահսկել է օպերատիվ իրավիճակը, ինչի արդյունքում պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն:
Նախքան հանցավորության շարժընթացում և կառուցվածքում նկատվող հիմնական միտումները ներկայացնելը, կուզենայի ընդգծել, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է ակտիվ աշխատանքը լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, ինչը մեծապես նպաստել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին` 8,8%-ով կամ 1050 դեպքով (2009թ. 11 ամսում՝ 11864, 2010թ. 11 ամսում՝ 12914):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, բնականաբար, աճել է նաև հանցավորության գործակիցը: Հաշվետու ժամանակահատվածում 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 433 (2009թ 11 ամսում` 399): Հանցավորության մակարդակն առավել բարձր է Երևանում (613), Լոռիում (436), առավել ցածր` Գեղարքունիքում (263), Արագածոտնում (293), Սյունիքում (300) և Արմավիրում (302):
Հաշվետու ժամանակահատվածում 63-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը (277-340), հակառակը` 70-ով նվազել ծանրերինը (4630-4560):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում աճ է արձանագրվել սպանության փորձերի (22-ից 25) և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված դեպքերով (70-ից 73): Միևնույն ժամանակ, նվազում է արձանագրվել սպանության (73-ից 42), բռնաբարության և բռնաբարության փորձերի (24-ից 14), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1271-ից 1213) դեպքերով, այդ թվում առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով (164-ից 161):
Սեփականության դեմ կատարված ոտնձգություներում աճ է արձանագրվել խարդախության (628-753) և բնակարանային գողության (791-1045) դեպքերով: Այս ոլորտում նվազել են գողության (3430-3165), ավազակության (132-101), յուրացման կամ վատնման (168-134) և կողոպուտի (217-211) դեպքերը:
Հասարակական կարգի և անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճ է արձանագրվել զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության (370-429), թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (1038-1341) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (670-751) դեպքերով: Միևնույն ժամանակ, նվազել են մահվան ելքով ՃԵԿ խախտելու (157-156) և խուլիգանության (335-334) դեպքերը:
Որպես դրական միտում պետք է փաստել այն, որ 2010թ. 11 ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, հանրապետությունում կտրուկ նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը (92 - 57): Այս ամենը արդյունք է ոստիկանության ստորաբաժանումների կողմից զենքի և ռազմամթերքի առգրավման կամ կամավոր հանձնման ուղղությամբ տարված նկատելի աշխատանքի: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 429 դեպք, ինչը 16,0%-ով ավել է նախորդ տարվա 11 ամիսների ցուցանիշից (370): Ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 976 միավոր հրազեն:
ՀՀ ոստիկանության ղեկավարությունը որպես դրական միտում է նշում այն, որ հաշվետու ժամանակահատվածում 19,7%-ով նվազել է խմբակային հանցագործությունների թիվը (1185-952):
Հանցագործություն կատարած անձանցից 254-ը եղել են օտարերկրացիներ, այդ թվում 110-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 69-ը` Ռուսաստանի Դաշնության, 39-ը` Վրաստանի քաղաքացիներ և այլն: 126 օտարերկրացիների նկատմամբ կատարվել է հանցագործություն:
Միանշանակ դրական կարելի է համարել այն իրողությունը, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նկատելի ավելացման պարագայում 6-ով նվազել է անչափահասների կողմից կատարած հանցագործությունների թիվը /2009թ. 11 ամսում` 447, 2010թ. 11 ամսում` 441/:
Ի դեպ, հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի, բնականաբար նաև աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման պարագայում գրեթե բոլոր հիմնական ուղղություններով ընթացիկ տարվա 11 ամիսներին արձանագրվել է ցուցանիշների որոշակի բարելավում: Այսպես, վարույթում գտնվող քրեական գործերով ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 2,9%-ով (78,2%-ից 81,1%), քրեական հետախուզության գծով` 2,6%-ով (73,6%-ից 76,2%), ծանր հանցագործություններով՝ 0,4%-ով (64,2%-ից 64,6%), առանձնապես ծանր հանցագործություններով` 9,6%-ով (68,6%-ից 76,2%):
ՀՀ ոստիկանության ղեկավարության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում սպանությունների և սպանության փորձերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները: 2010թ. 11 ամիսների ընթացքում սպանությունների թվաքանակի նվազման հետ մեկտեղ, աճել է վերջինիս բացահայտման արդյունավետությունը (68,5,%-ից 71,9%): Բարելավվել է նաև սպանության փորձերի բացահայտման ցուցանիշը (75,0%-ից 82,6%): 2010 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցված սպանության 42 և սպանության փորձի 25 դեպքերից բացահայտվել է 26-ը, 35-ը ընթացքի մեջ է, 6-ը չի բացահայտվել: Իսկ ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է վարույթում գտնվող սպանության և սպանության փորձի 42 դեպքեր:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում որոշակի նվազում է արձանագրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու (79,3%-ից 75,7%) դեպքերով:
Հասարակական կարգի, անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում աճել են խուլիգանության (96,1%-ից 97,4%), այդ թվում զենքի գործադրմամբ (92,1%-ից 94,3%) կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: Միևնույն ժամանակ, նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի բացահայտման ցուցանիշները (88,8%-ից 82,9%):
Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերի բացահայտման արդյունավետությունը մասնավորապես` անձնական գույքի ավազակության (52,1%-ից 70,6%), խարդախության (85,4%-ից 86,3%), բնակարանային գողությունների (43,0%-ից 52,0%), յուրացման կամ վատնման (93,5%-ից 89,1%) դեպքերով:
2010 թվականի 11 ամիսների ընթացքում նախորդ տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել են 1112 հանցագործության դեպքեր, այդ թվում հանցագործի անձն անհայտ լինելու պատճառաբանությամբ կասեցված գործերով բացահայտվել են գողության 79, խարդախության 9, կողոպուտի 5, ավազակային հարձակման և դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնաս պատճառելու 2-ական դեպքեր:
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում կատարված հանցագործություններին, հարկ է նշել, որ 2010թ. 11 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1335 դեպք՝ 308-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2009թ. 11 ամսում՝ 1027): Ցուցանիշներն աճել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող այնպիսի առանցքային ուղղությամբ, ինչպիսին է թմրամիջոցների իրացումը. հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ տարվա 11 ամիսների համեմատությամբ, ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով դեպքերի հայտնաբերումն աճել է 274-ով (2009թ. 11 ամսում՝ 415, 2010թ. 11 ամսում՝ 689):
2010 թ. 9 ամիսներին հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է 72 կգ 534 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 64.6 գր հոգեմետ նյութ, 16240 մլ պրեկուրսոր /2009 թ. 9 ամիսներին ՝ 28 կգ 491 գրամ, 1216 հոգեմետ հաբի և 2488 մլ պրեկուրսոր/:
Առգրավվել է մասնավորապես՝
-22 կգ 875 գրամ մետամֆիտամին /2009թ. 9 ամիսներին` 0/,
-8 կգ 792 գրամ ափիոն /2009 թ. 9 ամիսներին՝ 18 կգ 314 գրամ/,
-6 կգ 969 գրամ հերոին /2009թ. 9 ամիսներին` 75.8 գրամ/,
-1 կգ 35 գրամ հաշիշ /2009թ. 9 ամիսներին` 592 գրամ/,
-32 կգ 704 գրամ մարիխուանա /2009թ. 9 ամիսներին` 7 կգ 929 գրամ/:
Այսպես կոչված ՙծանր՚ թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում դրսից՝ այլ հանրապետություններից:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունները և տարածքային մարմինները, համագործակցելով հանրապետության մյուս իրավապահ մարմինների հետ, հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված 989 հանցագործության դեպք, 175-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում (2009թ. 11 ամսում՝ 814), որից 65-ը հայտնաբերվել է ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից (2009թ. 11 ամսում՝ 57):
2010թ. 11 ամսում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններից հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է կաշառակերության 57 դեպք, 6 դեպքով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ընդ որում 38 դեպքը բացահայտել է ԿՀԴՊ գլխավոր վարչությունը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30-ի դիմաց):
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել նաև, որ գրեթե ամբողջությամբ կատարվել են ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ՙՈստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. Բարեփոխումների ծրագրում՚ նախանշված միջոցառումները: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում մշակվել և շրջանառության մեջ են դրվել 24 օրենքների, կառավարության 15 որոշումների և ոստիկանության պետի հրամանների 7 նախագծեր և այլն: Բացի այդ, զգալի աշխատանքներ են տարվել կառուցվածքային, կազմակերպական և կրթական բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով:
ՀՀ ոստիկանության ղկավարությունը լի է վճռականությամբ բարեփոխելու համակարգը, հասարակության արդի պահանջներին համապատասխան ոստիկանություն ունենալու և քաղաքացիների անդորրը առավելագույնս ապահովելու գործում":
* * *
Վերջում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը սպառիչ պատասխաններ է տվել լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Աղբյուր՝ http://police.am