ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն կօժանդակի հակակոռուպցիոն ծրագրին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` դեկտեմբեր 15-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային և նույն գրասենյակի ժողովրդավարության հարցերով խորհրդատու Մարկ Լևինսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացում ԱՄՆ ՄԶԳ աջակցության և նոր ծրագրային առաջարկների հարցը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը մարզաձև չէ, որ եզրագիծը հատելիս տեսնես'որ տեղն ես զբաղեցնում: Անկախ նրանից, թե որ ոլորտը որ տեղում է հանգրվանում, կոռուպցիան անընդունելի է. այն հանրային, հասարակական ախտ է, պարզապես կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներն արտահայտվում են ավելի շատ, որովհետև կրթությունն ամենազանգվածային ոլորտն է' շուրջ 700 հազար անմիջական շահառու, սոցիալիզացիայի աստիճանը' 58 տոկոս: Կարևոր է, որ մեկ տարի հետո հասարակությունն իր վրա զգա և գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունավետությունը», նշել է նախարարը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ գործակալությունը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հակակոռուպցիոն ծրագրում ամրագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի, բուհերի համար հակակոռուպցիոն բովանդակությամբ ուղեցույցների մշակման, ինչպես նաև բուհերի կարիքների գնահատման և հանրության իրազեկման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Աղբյուր' www.lragir.am
