ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատվեց կալանքից
"Ներկայիս առողջական վիճակով Հրանտ Մխոյանը չի կարող գտնվել անազատության մեջ` մեկուսարանային պայմաններում, քանի որ հիվանդության ընթացքն անկայուն է, չնայած տարվող դեղորայքային բուժմանը, զարգացել են սուր կորոնար սինդրոմի երևույթներ", Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը երեկվա դատական նիստում հրապարակեց Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող կալանավոր Հրանտ Մխոյանի նկատմամբ նշանակված ՀՀ ԱԱ միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետների կողմից տրված եզրակացության հետևության մասը, ապա հայտարարեց. "Հրանտ Մխոյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից"` խափանման միջոց կալանքը ընտրելով ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին:
Սակայն 31-ամյա Հրանտ Մխոյանը դատարանի դահլիճում չէր, թեև մեկուսարանից նրան բերել էին առավոտվանից, որպեսզի ներկա գտնվեր դատական նիստին: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող Հրանտ Մխոյանի վիճակը, սակայն, կրկին վատացել էր, և միայն շտապ օգնության բժիշկների միջամտությամբ էր հաջողվել կայունացնել նրա վիճակն ու հետ ուղարկել մեկուսարան: Դատարանի որոշումից հետո Մխոյանի հարազատները նրան տեղափոխեցին Սպիտակ քաղաք, որտեղ և բնակվում է ընտանիքը:
Դատարանը հիմնավոր համարեց Հրանտ Մխոյանի շահերի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքը փոխելու մասին կապված նրա առողջական ծանր վիճակի հետ:
Ի դեպ, Ինեսսա Պետրոսյանը, ով հետևողական պայքար էր մղում առողջական ծանր վիճակում և սոցիալական ծանր պայմաններում գտնվող իր պաշտպանյալի համար, պարբերաբար դատարանին ներկայացնում էր նույնաբովանդակ միջնորդություններ, սակայն դրանք մերժվում էին:
Հրանտ Մխոյանը, հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում երկու անգամ սրտի կաթված էր ստացել, այժմ գտնվում էր նախաինֆարկտային վիճակում` մշտապես մեկուսարանի բժիշկների հսկողության տակ:
Միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետները տրված եզրակացության մեջ նկարագրել են նաև բոլոր այն հիվանդությունները, որով տառապում է Հրատ Մխոյանը:
Հիշեցնենք, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացրել էր դատավոր Սուրեն Ղազարյանը, ինչը և այժմ որոշիչ դարձավ Հրանտ Մխոյանի համար:
Փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը հարուցվել է շինծու մեղադրանքի հիման վրա:
Աղբյուր՝ http://lragir.am
