Հադրութի զորամասի միջադեպի գործով նախաքննությունը շարունակվում է

«Հադրութի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաքննությունը շարունակվում է: Նորություններ դեռ չկան»,- hra.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի գծով ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Հադրութի զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Նրան նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու և ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու և ավելի մարդկանց սպանության փորձ), և 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ Պաշտպանության նախարարության՝ նա ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Մանվել Հազրոյանին Հայաստան տեղափոխելու համար դեկտեմբերի 6-ին կատարված միջնորդությունը բավարարվել է: Նա հիմա բուժում է ստանում Երևանի կայազորի զինվորական հոսպիտալում:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am