Էկոլոգները ԲՆ-ից պահանջում են արգելել «Գեգամետ Պլյուս» ընկերության գործունեությունը Սևանի ավազանում

Հայաստանի բնապահպանները ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են արգելել «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը Սևանի ավազանում: Ինչպես հայտնում է «Էկոլուր»-ը, Բնապահպանության նախարարությանն ուղղված դիմումում գրված է.
«Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է Սևանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության նախագիծ: Նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-ին՝ Շորժա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ):
Նշենք, որ ընկերությունն արդեն փորձաքննությանը ներկայացրել է նմանատիպ նախագիծ, որը մերժվել է, քանի որ խախտում էր «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որով Սևանի ավազանում արգելվում է լեռնահանքային վերամշակման գործունեությունը: Նոր նախագծում, ըստ էության, ոչինչ չի փոխվել, միայն «վերամշակում» բառի փոխարեն հայտնվել է «արտադրություն» բառը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ արտադրությունն ուղղակիորեն ազդում է Սևանա լճի էկոհամակարգի վրա:
1. Քրոմիտների մանրացումը և գրավիտացիոն տեսակավորումը, որով զբաղվում է «Գեգամետ պլյուս» ընկերությունը, հանքանյութի վերամշակման արտադրական փուլի մասն է, և պետք է դիտարկվի հենց այս տեսանկյունից:
2. Մանրացված քրոմիտները վտանգ են ներկայացնում Սևանի ջրահավաք ավազանի համար, քանի որ քրոմը պատկանում է տոքսիկության առաջին դասի տարրերի շարքին: Արտադրության արդյունքում քրոմիտի փոշին նստում է Սևանի ավազանի տարածքում, քամու հետ տարածվում է լճի վրա, կուտակվում էկոհամակարգի տարրերում՝ խախտելով այդ տարրերի կենսական ցիկլները:
3. Հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Սևանա լճի լանդշաֆտը:
4. Խախտվում են հիմնական օրենքների դրույթները, մասնավորապես՝ «Սևանա լճի մասին», «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ ջրային օրենսգիրքը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներ` «Կենսաբազմազանության պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիան:
Լսումների անցկացումն իմիտացիոն բնույթ էր կրում, քանի որ լսումներին չէին մասնակցում գլխավոր շահագրգիռ կողմերը` «Սևան» ազգային պարկը և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը:
«Սևան» ազգային պարկը հրաժարվել է մասնակցել հասարակական լսումներին: Մեր կարծիքով՝ ազգային պարկի գործունեությունը պետք է իրականացվի ոչ միայն պարկի տարածքում, այլև բուֆերային գոտում:
Բնապահպանական պետական տեսչության պարտադիր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ «Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում, այսինքն` անօրինաբար արդեն կառուցել և շահագործում է տվյալ արտադրությունը, ինչի մասին վկայում է հասարակական լսումներին արտադրության աշխատակիցների մասնակցությունը, ովքեր և հանդես են եկել ընկերության օգտին:
Մենք ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք անվավեր ճանաչել անցկացված հասարակական լսումները, հաշվի առնելով Սևանա լճի ազգային և ռազմավարական առաջնահերթությունը, ինչն արտացոլված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում, բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացնել «Գեգամետ պլյուս» ընկերության շտապ ստուգում և արգելել ապօրինի գործունեությունը Սևանի ավազանում, անցկացնել նոր հասարակական լսումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ»:
«ԷկոԼուր»-ի դիմումին միացել են՝
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, «Իկոմոս» ՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Սուխուդյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը, «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը:
Աղբյուր՝ http://news.am