ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գործազուրկների թիվը նվազել է, զբաղվածների թիվը՝ ավելացել

2010 թվականի 11 ամիսների ընթացքում աշխատաշուկայի ցուցանիշները դրական աճ են արձանագրել։ Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։
Գործակալության ունեցած տվյալներով՝ 2010թ. առաջին կիսամյակի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 6.9 տոկոս։
Սակայն, գործակալության պետի խոսքերով, գործազրկության իրական մակարդակը ավելի մեծ է։
Ընթացիկ տարում գործակալությունը հաշվառել է 83.000 գործազուրկ և 95.500 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։ Գործազուրկների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը կանայք են։
20.500 գործազուրկ ստանում է գործազրկության նպաստ, որը 22.7 տոկոսով ավելի քիչ է, քան տարեսկզբին։
Նախորդ տարվա համեմատ ավելացել են թափուր աշխատատեղերը 6600-ից դառնալով 8000։ Գործակալության միջոցով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10.500 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.6 տոկոսով։
Սոնա Հարությունյանի կարծիքով, զբաղվածության պետական կարգավորման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ թե՛ պետական և թե՛ միջազգային ծրագրերի շրջանակում, և այս ցուցանիշները բավականին հուսադրող են։
Հանրապետությունում հաշվապահների, գանձապահների, ուսուցիչների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, ավտովերանորոգողների, դերձակների, վաճառողների, վարսահարդարների, վերելակավարների, հացթուխների, էլեկտրիկների, հրշեջների և այլ մասնագետների պահանջարկ կա։ Ընդ որում, մասնագետների պահանջարկը Երևանում և մարզերում տարբեր է։ Օրինակ՝ մարզերում բժիշկների և բուժքույրերի թափուր աշխատատեղեր կան, իսկ Երևանում աշխատանք փնտրող 3000 բուժքույր է գրանցված։
Զբաղվածության կարգավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միջոցով շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել։ Հատուկ ուշադրության են արժանանում աշխատաշուկայում ոչ մրցունակ և խոցելի խմբերը։ Նրանց համար գործակալության միջոցով կազմակերպում են մասնագիտական ուսուցման ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ։
Տարեսկզբից հանրապետությունում անցկացվել է վեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 17.250 աշխատանք փնտրողներ։ Նրանցից 450-ը տոնավաճառի շնորհիվ աշխատանքի է տեղավորվել։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
