ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկներ են ներկայացրել ԿԳ նախարարին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Կրթության և գիտության նախարարին: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայություներից ու ներկայացնում առաջարկները.
«Կրթության ոլորտի իրավական ակտերի վերանայում
1.Ուսումնական հաստատությունների կառավարման գործնական ապակենտրոնացում` կառավարման խորհուրդների կանոնադրային իրավասությունների ճանաչում `որպես ժողովրդավար կառավարման երաշխիք:
2.Ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում: Օրինակ` ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և այլն:
3.Ուսանողների շրջանում դասավանդման որակի մասին կազմակերպվող հարցումների հետևանքները սահմանել ԲՈՒՀ-ի կանոնադրությամբ: Նման գործընթաց իրականացնել հանրակրթական հաստատություններում:
4.Գնահատման համակարգը բուհերում և հանրակրթական հաստատություններում դարձնել պատճառաբանված ու թափանցիկ:
5.Ապակուսակցականացնել և գործնականում ապակենտրոնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման անօրինական գործընթացը: ՊՈԱԿ-ի մասին օրենքում առաջարկել փոփոխություն, որով նախատեսել օրենքով սահմանված դեպքերում ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի ուսումնական հաստատութան կառավարման խորհրդի նախագահի հետ, ինչպես օրինակ` սահմանված է ՀՀ «Հանրակրթության մասինե օրենքով:
6.Փոփոխություններ «Գնումների մասին» օրենքում:
7.Աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևով նախատեսել հանրակրթության երեք մակարդակներին համապատասխան տարբերակված ֆինանսավորում:
8.Ներառական կրթության ֆինանսավորման վերանայում:
9.Դպրոցների տնօրենների համար նախատեսել վարչական տույժեր` օրենքով արգելվող քայլերի համար: Մասնավորապես` արգելվող կրոնական ու քաղաքական քարոզչության համար:
10.«Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը հստակեցնել` ստուգումներն արդյունավետ կազմակերպելու և կրթության որակին ուղղելու նպատակով: Օրենքով ամրագրել ստուգումների հետեւանքները:
11.Հրապարակային և թափանցիկ դարձնել ՀՀ «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն», «Լավագույն դպրոց» մրցույթը, որպեսզի հասարակությունը հստակ իմանա, թե ինչի համար գնահատվեցին ու պարգեւատրվեցին այդ մարդիկ:
12.Չի կարելի ֆինանսավորման նվազեցմամբ լուծել կրթության որակի խնդիրը, կարելի է հենվել «ՀՀ Կրթության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի վրա ԲՈՒՀ-երի համար, իսկ հանրակրթական հաստատությունների պարագայում` վերանայել դպրոցների կազմը:
13.Արմատապես վերանայել և հրապարակային ու թափանցիկ դարձնել տարբեր մակարդակի առարկայական օլիմպիադաների անցկացման կարգերն ու բովանդակային հարցերը, ստեղծել այդ նպատակի համար բյուջեից տրվող գումարների ծախսերի արդյունավետությունը չափող գործիքակազմ և օլիմպիադաներն անցկացնելու նոր մեխանիզմ:
14.ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական եզրափակիչ փուլը կազմակերպելու, միջազգային առարկայական օլիմպիադաների ՀՀ դպրոցականների թիմերի կազմը ընտրելու, նրանց պատրաստելու և մասնակցելու նպատակով բյուջեից հատկացվող գումարները մրցութային կարգով տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կհաղթեն բաց մրցույթների արդյունքում` ըստ իրենց կողմից ներկայացրած օլիմպիադաները կազմակերպելու ծրագրերի:
15.Ուսումնական հաստատության կողմից մրցութային հիմունքներով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:
16.Ուսումնական հաստատություններում պետական բյուջեով ֆինանսավորվող բոլոր կրթական ծրագրերի իրականացման արդյունավետությունը չափող գործիքակազմի սահմանում:
17.Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում` արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների համար: Ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:
18.Հսկայական կոռուպցիա է ներդրվել դասագրքերի շուկայում: Հրատարակիչները չեն հետևում դասագրքերի հայտահրավերի պահանջներին: Դրանք են. մատակարարին շնորհվող երկրորդային իրավունքների չարաշահումը, երբ նույն դասագրքերի առեւտրային տարբերակների կազմերի տարբերությունը պետք է լինի բավարար` դրանք միմյանց հետ չշփոթելու համար և դրանք շուկայում պետք է ներդրվեն դասագրքերը դպրոցին հասնելուց մեկ ամիս հետո: Այս դրույթը չի գործում, դասագրքերը դպրոցներ ուղարկելու հետ զուգահեռ` գնում են շուկա:
19. Քանի որ ոչ բոլոր ուսխորհուրդներն են ընտրվում ներքևից, պետք է պահանջել, որ բոլոր ԲՈՒՀ-երում տեղի ունենան ՈՒԽ-ի անդամների ու ղեկավար կազմի ընտրություններ, անհրաժեշտ է կուրսերի և ֆակուլտետների ՈՒԽ-երը ձևավորել ուսանողության կրավորական պահվածքը փոփոխելու ուղղությամբ` ապահովելով նրանց ազդեցիկ դերը թե ԲՈՒՀ-ի, թե ապագա քաղաքացիական հասարակության կայացման հարցում: ՈՒԽ-ները պետք է լինեն ոչ թե ԲՈՒՀ-ի ղեկավարության կամակատարները և կցորդները, այլ պահանջատեր լինեն դասախոսների գործունեությունը իրենց կրթության որակին ծառայեցնելուն:
20.Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնների հաշվետվությունների պարտադիր հրապարակում»:
Աղբյուր`
