Առողջության իրավունք. Հայաստանում անվարձահատույց դոնորների թվաքանակն ընդամենը 4,2 տոկոս է, ինչը մտահոգիչ է

Ընթացիկ տարվա 10 ամիսներին Հայաստանի դոնորների կազմում գերակշռել են վճարովի դոնորները` 52, 8 տոկոս, հիվանդի հարազատները` 4,3 տոկոս, իսկ անվարձահատույց դոնորների թիվը կազմել է 4,2 տոկոս: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արյունաբանական կենտրոնի արյան զարգացման ծրագրերի համակարգող Մելքոն Գարասեֆերյանը, անվարձահատույց դոնորների թվի նվազ ցուցանիշը մտահոգության առիթ է:
«Անվարձահատույց դոնորների թվի ավելացման խնդիր ունենք, իսկ գործընթացին նպաստել հնարավոր է դոնորային ակտիվ քարոզչության միջոցով»,-ընդգծեց Մ. Գարասեֆերյանը: Նրա տվյալներով` 2010-ի 10 ամիսներին 8662 դոնորից հավաքագրվել է շուրջ 24000 միավոր արյան բաղադրամաս: Արյուն հանձնողների տարիքային կազմը 20-24 է, որոնց մեջ գերակշռում են կանայք: Արյունաբանական կենտրոնի մասնագետի խոսքով` հավաքագրված արյունը ներքին պահանջարկը հիմնականում բավարարում է, սակայն երբեմն 3-րդ և 4-րդ խմբերի` հատկապես` ռեզուս բացասական արյան բաղադրամասերի կարիք է զգացվում:
Ինչպես տեղեկացրեց Մ. Գարասեֆերյանը, դոնորների շարքում մեծ թիվ են կազմում արյան 2-րդ խմբի անձինք` 50,2 տոկոս, արյան 1-ին խումբ ունեն 28,2 տոկոսը, 3-րդ խումբ` 13,6-ը, 4-րդ խումբ` 8 տոկոս դոնորներ:
Երևանում հավաքագրված դոնորական արյունը Արյունաբանական կենտրոնի շճաբանական լաբորատորիայում ենթարկվում է անվտանգության հետազոտության, որն իրականացվում է AXYM բժշկական սարքի միջոցով` իմունաֆերմենտային եղանակով: Կենտրոնի մասնագետի հավաստմամբ` սարքը հնարավորություն է տալիս հետազոտությունների գործընթացում նվազեցնել մարդկային գործոնը` բարձրացնելով հետազոտության ստույգության մակարդակը:
Մ. Գարասեֆերյանը տեղեկացրեց նաև, որ ներկայումս աշխատանքներ են ընթանում Արյունաբանական կենտրոնում բարձր դեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու ուղղությամբ:

Աղբյուր՝ http://news.am