Ըստ Ռ. Մուխմադյանի` ՄԻՊ-ի շնորհիվ վերականգնվել են բազմաթիվ քաղաքացիների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել է մոտ 4000 դիմում-բողոք: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը, այդ դիմում-բողոքների մեծ մասը բանավոր է եղել:

«Ընթացիկ տարին մեզ համար ծանրաբեռնված էր, չնայած ստացված դիմում-բողոքների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարիների համեմատությամբ դիմումների քանակն ըստ էության փոփոխության չի ենթարկվել»,-նշեց Ռ. Մուխմադյանը: Ըստ ՄԻՊ-ի խորհրդականի' դիմում-բողոք ներկայացրած քաղաքացիների մեծ մասը, ինչպես եւ նախորդ տարիներին, դժգոհում է ոստիկանությունից, դատարաններից եւ Երեւանի քաղաքապետարանից, ինչպես նաեւ բազմաթիվ դիմումներ կան աշխատանքի եւ սոցիալական հարցերին վերաբերող մի շարք խնդիրների վերաբերյալ:

«ՄԻՊ-ի կողմից կատարված գործողությունների արդյունքում ունեցել ենք բազմաթիվ քաղաքացիների իրավունքների վերականգնման փաստեր, սակայն բոլոր իրավիճակներում չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է միջամտել եւ համապատասխան լուծումներ փնտրել»,-ընդգծեց նա: Ռ. Մախմուդյանի տեղեկացմամբ' մարդու իրավունքների խախտման դեպքերի պատճառներից մեկն այն է, որ ենթակա եւ վերադաս պաշտոնատար անձինք միմյանց նկատմամբ անկեղծ չեն լինում, քանի որ շատ դեպքերում իրավիճակը ղեկավարությանը նրկայացվում է բոլորովին այլ կերպ:

«Բոլոր պաշտոնատար անձանց մոտ ձեւավորված է այն մտայնությունը, թե իր ղեկավարին կամ վերադասին չպետք է տեղյակ պահել խնդիրների մասին, որովհետեւ ենթադրվում է, որ այդ կարծիքն ու մոտեցումը չի ընդունվելու: Մեր կողմից քննության առնված դիմում-բողոքների մեջ շատ են նմանատիպ դեպքերը»,-ասաց ՄԻՊ խորհրդականը:

Աղբյուր' www.armenpress.am