ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխային կհանձնեն մանկատուն
Ամուսնու ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դստերը՝ Լիլիային կհանձնեն մանկատուն: Այս մասին մեզ տեղեկացրեց Զարուհու քրոջ՝ Հասմիկ Պետրոսյանի սկեսուր Անահիտ Կարապետյանը: Նրա խոսքերով՝ Մասիսի քաղաքապետարանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Արթուրը Հասմիկին «շատ անշնորհք, բռի և կոպիտ ձևով ասել է՝ դուք ո՞վ եք, ձեզ երեխա չի հասնում»: Անահիտ Կարապետյանն ասում է նաև, որ Մասիսի քաղաքապետարանում վախենում և պաշտպանում են Զարուհու սկեսուր Լիլիա Սարկիսովային:
«Ասում են՝ Լիլիան հիվանդ ա, Լիլիային պաշտպան ա պետք, ձեռքից երեխային մի կերպ պետք ա վերցնենք, որ չվատանա, Լիլիան իրա վենաները կփրթի, մենք վախենում ենք նրանից, նա հացադուլ ա հայտարարում, ասում ա թոռնիկիս ձեռքիցս կտանեն: Չհասկացա՛նք, թող հարսի համար վենա փրթեր, երբ տղեն հարսի գլուխը կերավ»,- վրդովված պատմում է Անահիտ Կարապետյանը:
Նա նաև ավելացնում է, որ մարզպետարանում, ուր իրենք դիմել են քաղաքապետարան գնալուց հետո, իրենց ասել են, որ թոռնիկը «ոնց որ կենդանի մեռել լիներ, իրենք տենց երեխա չեն տեսել»:
«Ասում են՝ պետք ա էդ երեխուն տանենք մանկատուն, մի հատ էդ երեխին սնունդ ա, ինչ որ ա, ասենք, որ հատուկ կարգավորեն, որ էդ երեխեն ոտքի չի կարողանում կանգնի»,- ասում է Հասմիկի սկեսուրը:
Մասիսի քաղաքապետարանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Արթուր Բադալյանը hra.am-ին հայտնեց, որ երեխայի խնամակալության հարցով որոշում կայացվել է, սակայն չասաց, թե հատկապես ինչ որոշում է կայացվել:
«Քանի որ չենք ուզում, որ որևէ հետևանք լինի, կսպասենք, որ որոշումը ի կատար ածենք, նոր ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց նա:
Հ.Գ. Hra.am-ի տեղեկատվությամբ՝ Զարուհու մեկուկես ամյա դուստր Լիլիան երեկ դուրս է գրվել հիվանդանոցից. նա հիվանդանոցում է եղել վատառողջության պատճառով:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
