Բժիշկներն ու իրավապահները

Նոյեմբերի 27-ին "Արմենիա" բժշկական կենտրոնում բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, այն է' բժշկի սխալի պատճառով մահացել էր նորածինը:
 
Չնայած ծնողների գործադրած ջանքերին և առկա բոլոր փաստերին, մինչ օրս իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել դեպքի կապակցությամբ: Կարծես թե մեղավոր կողմը դեռևս կարողանում է իրեն ենթարկել իրավապահ մարմիններին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետներին, որոնք էլ իրենց հերթին չեն ուզում արձանագրել իրենց կոլեգայի կատարած սխալները, որի արդյունքում տեղի ունեցավ այս ցավալի դեպքը:
 
Դեպքից անցել է 12 օր, սակայն դեռ ոչ մի էական առաջընթաց չկա սույն գործի վերաբերյալ: Ի վերջո թող բոլոր պաշտոնյաները հասկանան, որ անցել են կոծկելու, ինչ-ինչ շահագրգռվածություններից դրդված փաստերը չարձանագրելու ժամանակները:
 
Գուցե նրանցից շատերը ասում են' եղածը եղած է, սակայն ուզում եմ բոլորին հիշեցնել, որ բժշկի հետագա գործունեությունը չկասեցնելու պարագայում հաջորդը կարող են հենց իրենց երեխաները տուժել նույն բժշկի «զանքերով» և բացի այդ հիշեցնում եմ, որ հանցագործությունը այս կամ այն կերպ պարտակողները ևս դառնում են հանցակից և նրանց էլ է սպառնում քրեական պատասխանատվություն:

Աղբյուր' www.lragir.am