ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տուժածներին բնակարաններ կտան
Երևանի կենտրոնում մոտ երկու շաբաթ առաջ բռնկված հրդեհից տուժած 14 տների բնակիչները այսօր գնացել էին քաղաքապետարան: Նրանց հրավիրել էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս, սակայն, զբաղվածության պատճառով նրանց չհանդիպեց, և նրա փոխարեն տուժած և անօթևան մնացած բնակիչներին ընդունեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Հանդիպումը տևեց մոտ 30 րոպե:
Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տներում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 25-ին:Ամբողջությամբ այրվել էր 14 տուն, տասնյակ մարդիկ մնացել էին անօթևան:
Քաղաքապետարանից դուրս գալիս հրդեհից տուժած բնակիչները «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ իրենց խոստացել են հարցը կարգավորել առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
«Ինչ-որ տարբերակներ չառաջարկեցին: Ասացին, որ կարճ ժամանակում բոլորին ապահովելու են տներով: Նրանք ովքեր անհապաղ օգնության կարիք ունեն և ապրում են վրաններում առաջնահերթ բնակարաններ կստանան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կենտրոն թաղապետարանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ռաֆայել Սաքունցը:
Բնակիչները նշեցին, որ այս լուծումն իրենց բավարարում է, իսկ կիրագործվի այն թե ոչ' հարցին պատասխանեցին, որ հավատում են Կամո Արեյանին և քաղաքապետին:
«Մենք առաջիկայում նորից գալու և հանդիպելու ենք քաղաքապետի հետ»,-ասացին նրանք: Հանդիպումը մեզ հանգստացրեց և հույս տվեց, որ անտուն չենք մնա», ասաց բնակիչներից Ալլա Ջինանյանը:
Թե ինչ բնակարաններ են նրանց տրամադրվելու և որտեղ, այրված տների բնակիչներին չեն տեղեկացրել: Խոսք չի եղել նաև նրանց սննդով ապահովելու կամ այլ օգնություն տրամադրելու մասին:
Նոյեմբերի 25-ից անօթևան մնացած բնակիչները ապրում են փողոցում' վրանների տակ: «Ա1+»-ին այսօր նրանք վերահաստատեցին, որ շարունակելու են ապրել այդպես, մինչև հարցը լուծում գտնի:
Աղբյուր' www.a1plus.am
