ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔԿՀ աշխատակիցը դատապարտվել է ազատազրկման՝ կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար

Դատարանը հիմնավորված է համարել «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասի պետ Կարինե Համբարձումյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել 9 տարվա ազատազրկման:
Դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասի պետ Կարինե Համբարձումյանը դատապարտյալ Արևհատ Սարգսյանի օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև կատարել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելու փորձ, խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք:
Մասնավորապես՝ Կարինե Համբարձումյանը պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի՝ իր ղեկավարած տեղամասի դատապարտյալ Արևհատ Սարգսյանի հետ՝ նրան 2008թ. հոկտեմբերին ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցում: Այն է՝ Արևհատ Սարգսյանին դրական բնութագրելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմաններում խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և նույն ամսին Արևհատ Սարգսյանի քույր Անահիտ Սարգսյանից «Աբովյան» ՔԿՀ-ում Կ. Համբարձումյանն անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ՝ Արևհատ Սարգսյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, դարձյալ կարճաժամկետ մեկնում տրամադրելու նպատակով, 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պահանջել և անձամբ նրանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. դեկտեմբեր ամսին` 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև 2009թ. պատժի հետագա կրման համար Ա. Սարգսյանին բաց տիպի ՔԿՀ ռեժիմի տեղափոխելու միջնորդությունը քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովին ուղարկելու գործընթացին նպաստելու, խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին այլ գործողություններ կատարելուն նպաստելու դիմաց Կ. Համբարձումյանը նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 7500 ԱՄՆ դոլար կաշառք:
Սակայն գումար չունենալու պատճառով Ա. Սարգսյանը չի կարողացել պայմանավորված օրը տալ իրենից պահանջված 7500 ԱՄՆ դոլարը՝ խոստանալով այն տալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Արդյունքում՝ Կ. Համբարձումյանը, օգտագործելով այս հանգամանքը, Ա. Սարգսյանից արդեն խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմներից որոշակի տոկոսադրույքներով գումարներ վերցնելու պատճառաբանությամբ, պահանջված կաշառքից բացի այլ գումարներ հափշտակելու նպատակով, ենթադրյալ անձանց տոկոսներ վճարելը Ա.Սարգսյանի կողմից ուշացնելու պատրվակով, նրանից պահանջել և ստացել է ևս 13 300 ԱՄՆ դոլար՝ իբրև վերոհիշյալ 7500 ԱՄՆ դոլար գումարի տոկոսներ:
Բացի այդ՝ Կ. Համբարձումյանը դատապարտյալ Ա. Սարգսյանին պատժի հետագա կրումից ազատելու համար փորձել է նպաստել կաշառք տվողի՝ Ա. Սարգսյանի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ Ա. Սարգսյանից պահանջելով և ստանալով 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն 2010թ. փոտրվարի 4-ին Երևանի Չարենցի փողոցում այդ 3000 ԱՄՆ դոլարը և վերոհիշյալ 20 800 ԱՄՆ դոլարն ստանալու պահին բռնվել և բերման է ենթարկվել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Կարինե Համբարձումյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ինկետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 34-313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով՝ 8 000 000 ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
