ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեքշաբթի օրը Հայաստանի համար հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 միլիոն դոլարի չափով:
«Այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում», - ասված է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հաղորդագրությունում: - «Ծրագիրը հատուկ նախագծված է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու և ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) և քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին»:
Մասնավորապես, համաձայն հաղորդագրության, «Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների և ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում»:
«Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի և աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ», - ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: - «Համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը և բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների և փոքր ձեռնարկությունների եկամուտները և կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը»:
Կառավարության, մասնավոր հատվածի և Համաշխարհային բանկի թիմի համատեղ ջանքերով իրականացման ողջ ընթացքում, ծրագիրը նպատակաուղղվելու է նաև այլ խոչընդոտների հաղթահարմանը, որոնց թվում են, ըստ ՀԲ-ի հաղորդագրության, ՏՀՏ-ի վրա հիմնված զարգացման գործողություններում համակարգված աշխատանքի բացակայությունը, համակարգչային ներթափացման ցածր մակարդակը, որով Հայաստանը զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին, անգամ ցածր տեխնիկական հնարավորություններով համակարգիչների ոչ մատչելի գները, երիտասարդ տաղանդների միգրացիան, տեղական թույլ ձեռնարկատիրությունը, վարկավորման և առևտրային ներդրումների ցածր մատչելիությունը:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 30 միլիոն դոլար է, որից 6 միլիոն դոլարը Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի իր սեփական միջոցներով: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 24 միլիոն դոլար գումարով հատուկ ներդրումային վարկը ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարի արտոնյալ ժամկետ:
Հաղորդագրությունում նշված է նաև, որ 1992 թվականին Համաշխարհային բանկին եևւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 389 միլիոն 600 հազար դոլար:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
