Ճիշտ և օգտակար սնունդ դպրոցի տարրական դասարանների երեխաներին

Այս տարվա հոկտեմբերից Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 149 դպրոցներում 1-4-րդ դասարանների 12.500 աշակերտներ ստանում են բալանսավորված և օգտակար սնունդ։ 

Մարդասիրական այս ծրագիրը փորձնականորեն ներդրվել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցով Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ծրագրի կազմակերպիչները։

Նախատեսվում է, որ հաջորդ ուսումնական տարվանից սկսած ծրագրում կներառվեն Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցների տարրական դասարանների շուրջ 50.000 աշակերտներ։

«Դպրոցական սնունդ» ծրագրի տևողությունը 3 տարի է։ Այս պահին ծրագրի ընդհանուր բյուջեն 8 միլիոն դոլար է, որը ներդրել է Ռուսաստանը։ Հայաստանում ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի համակարգող Մարիա Լուկյանովայի խոսքերով՝ իրենք նախատեսում են, որ 3 տարվա ընթացքում ծրագրի բյուջեն կավելանա այլ նվիրատվությունների և ներդրումների շնորհիվ ևս, ինչը հնարավորություն կտա հարստացնելու երեխաների սննդակարգը, այն դարձնելու ավելի սննդարար։

Այս պահին երեխաներին տրվող նախաճաշը պարունակում է ոլոռով և բանջարեղենով ապուրներ, շիլաներ և թարմ հաց։ Ծրագիրն իրականացնողները նախատեսում են սննդակարգ մտցնել նաև ծիրանի միջուկով թխվածքաբլիթներ, կաթ, հյութ, իսկ այն դպրոցներում, որտեղ հնարավոր չէ տաք կերակուրներ պատրաստել, այսպես կոչված՝ «չոր սնունդ»։ Ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն դպրոցների ճաշարանները, այնտեղ աշխատող խոհարարները կվերապատրաստվեն։

«Մեր նպատակն է ծրագիրը փորձնականորեն ներդնել Հայաստանում և դարձնել պետության սեփականությունը»,- նշեց Մ.Լուկյանովան՝ ավելացնելով, որ իրենք սերտորեն համագործակցում են Հայաստանի Կառավարության և Կրթության և գիտության նախարարության հետ, որոնք օժանդակում են ծրագրի իրականացմանը։

ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Եվրոպայի շրջանների ղեկավար Դալի Բելսգամին ասաց, որ Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը հետևելու է ծրագրի ընթացքին և զուգահեռ մշակելու է սեփական ազգային ծրագիրը, որը պետք է ներդրվի 3 տարի հետո՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակություն։

Ըստ Դ.Բելսգամիի՝ հեռանկարում նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի տեղական ռեսուրսներով՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների օժանդակությամբ, և կընդգրկի ավելի մեծ թվով դպրոցներ ու աշակերտներ։

Ռուսական համագործակցության ազգային բյուրոյի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքերով՝ ՌԴ մշտապես իր ներդրումն է ունեցել տարբեր մարդասիրական ծրագրերում։ «Դպրոցական սնունդ» ծրագիրը առաջինն է, որտեղ ֆինանսական աջակցությունից բացի՝ Ռուսաստանն ունի նաև անմիջական մասնակցություն իրագործման հարցում։ «Մենք իրականացնում ենք ծրագրի իրազեկում և մոնիտորինգ և նկատել ենք, որ ծնողական կոմիտեները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ մասնակցում են ճաշերի պատրաստմանը, իրենց ներդրումն են ունենում ծրագրում»,- նշեց նա։

Ծրագրի շարունակականությունը ապահովելու առումով կազմակերպիչները մեծ հույսեր են կապում հայկական սփյուռքի հետ։ Դալի Բելսգամիի խոսքերով՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ մեծ քարոզարշավ իրականացնել։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am