Դատախազը հանդես կգա ճառով

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը դատարանում շարունակում են ապացուցել, որ մայիսի 31-ին ցանկանալով մուտք գործել Ազատության հրապարակ, իրենք ոչ մի հանցագործություն չեն կատարել:
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր շարունակվեց ակտիվիստների գործով դատավարությունը:
Պաշտպանական կողմը միջնորդեց հարցաքննել 4 վկաների,որոնք այդ օրը տեսել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակի մերձակա տարածքում: Սակայն դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի:
Հարցաքննվեց միայն Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նա պատմեց, որ այդ օրը թե Դավիթ Քիրամիջյանը, և թե Սարգիս Գևորգյանը անօրինական որևէ բան չեն արել: Նա միայն տեսել է, որ Դավիթ Քիրամիջյանին գետնին քարշ տալով տարել են ոստիկանական մեքենա, իսկ հայհոյանքներ Դավթի կողմից չի լսել: Չի տեսել նաև, որ Սարգիսը որևէ ոստիկանի հետ վեճի է բռնվել և պոկել է նրա ուսադիրը:
«Այսօրվա դատավարությունը չէր լինի, եթե ոստիկանները ապօրինի կերպով չխոչընդոտեին Ազատության հրապարակ մտնելը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Հարցաքննությունն ավարտելուց հետո Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը դատարանին ներկայացրեց մայիսի 31-ին Դավիթի կրած վերնաշապիկը և շապիկը, որոնք պատռված էին, կոշիկի հետքեր ևս կային:
Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը այն որպես ապացույց չդիտեց, որովհետև դեպքից անցել է արդեն 6 ամիս և շատ հնարավոր է փոխված լինի:
Իսկ մեղադրող Հարություն Հարությունյանն էլ չառարկեց, որ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ իրականում բռնություն է գործադրվել:
Սարգիս Գևորգյանի պաշտպան` Ստեփան Ոսկանյանը «Ա1+»-ին ասաց, որ այդ վկաներին չհարցաքննելը չի բխում իրենց պաշտպանյալների շահերից.
«Դատարանը բավարարվել է գործում եղած ապացույցներով և այլևս կարիք չի համարում այլ անձանց ցուցմունքները լսել»:
Այդ վկաները, որոնց դատարանն այսօր չցանկացավ լսել, ըստ պաշտպանի, դատարանում պետք է հայտնեին ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունեցել Օպերայի շենքի և Մարտիրոս Սարյանի հարակից տարածքում:
«Այդ պարագայում բնականաբար մեր պաշտպանյալներին առաջադրված այս անհիմն մեղադրանքը պետք է հանվեր»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:

Սարգիս Գևորգյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության համար:
Դատարանը անցավ վիճաբանությունների փուլ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 10-ին մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես կգա ճառով:
Աղբյուր՝ http://www.a1plus.am