ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահվան դեպքերը` գաղտնիք

Երեկ վարչական դատարանը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության, որով իրավապաշտպան կազմակերպությունը հիմնվելով "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վրա պահանջել էր տեղեկատվություն տրամադրել, թե ծառայության ընթացքում քանի ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել 2009 թ., նրանց անունն ու ազգանունը և բնակության հասցեն:
Դեռևս փետրվար ամսին այս նույն պահանջով կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր Պնախարար Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս մերժել էր տեղեկատվությունը տրամադրել` պատճառաբանելով, որ այն համարվում է գաղտնի տեղեկատվություն և ծառայողական գաղտնիք: Այնուհետև կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին, այս անգամ պահանջելով "ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը", սակայն այս պահանջը ևս մերժվել էր նույն պատճառաբանությամբ:
Վարչական դատարանի երեկվա մերժման որոշման մեջ ուշագրավ մի հիմնավորում կա. "զինծառայողների` ծառայություն իրականացնելու հետ կապված մահացության դեպքերը չեն կարող դիտվել սովորական առօրեական դեպք, ուստի դատարանը հիմնավոր է համարում պատասխանող կողմի դիրքորոշումը առ այն, որ այդ դեպքերը պետք է դասվեն զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի շարքին": Հետևաբար, նշված փաստի կապակցությամբ տեղեկատվությունը, դատարանի կարծիքով, "Պետական և ծառայողական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի իմաստով պետք է համարվի գաղտնի, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:
Վարչական դատարանն այսպիսով արձանագրում է, որ առկա չէ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստ:
Անդրադառնալով դատարանի վերը նշված հիմնավորմանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը գնահատում է. "Դատարանն իր որոշմամբ նպաստում է, որ մարդու իրավունքների խախտման` կյանքի իրավունքի խախտման ուղղությամբ հասարակությունն ու իրավապաշտպան կառույցները չկարողանան արդյունավետ գործունեություն իրականացնել: Քանի որ մահացության դեպքերը լրջագույն հանցագործությունների հետ է կապված, դա հանցագործությունների կոծկման վավերացումն է դատարանի կողմից, որը նախարարի հրամանով է սահմանվում,- ասում է Արթուր Սաքունցը:- Դատարանի վճռի պարզաբանման մասում մահացության դեպքերը գնահատվել են որպես արտակարգ դեպքեր, և այդ հիմնավորմամբ այդ դեպքերը դասվում են գաղտնի տեղեկությունների ցանկում, բայց եթե դու դրանք արտակարգ դեպքեր ես գնահատում, ամեն մի արտակարգ դեպքի համար ՊՆ-ի պատասխանատվության սահմանումը մնում է հսկողությունից դուրս":
Սաքունցը համոզված է, որ այսպիսով զինված ուժերը դուրս են մղում քաղաքացիական վերահսկողությունը, ինչը սահմանադրական սկզբունք է: Այսինքն դատարանի այս որոշումը հակասում է սահմանադրության սկզբունքին:
Վարչական դատարանի այս որոշումը իրավապաշտպան կազմակերպությունը բողոքարկելու է վճռաբեկ դատարան: Այն տվյալները, որ կազմակերպությունը հավաքում է մահացության դեպքերի և դրանց քննության ընթացքի վերաբերյալ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Արթուր Սաքունցի գնահատմամբ, դատարանն իր այս որոշումով նպաստում է այսօր ստեղծված իրավիճակի խորացմանը:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ.Գ. Ոչ շատ վաղ անցյալում պաշտպանության նախարարությունն ու զինվորական դատախազությունը առանց հարցը բարդացնելու, մասնավորապես, գրավոր հարցումներին ի պատասխան տրամադրում էին բանակում մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն: Հիմա դա չեն անում, որպեսզի ամեն մի նոր դեպքից հետո ասեն, որ նախորդ տարվա համեմատ դեպքերը նվազել են:
Աղբյուր՝ http://lragir.am
