ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ինչ եղավ, մեռնողին եղավ...»
Ամուսնու ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին hra.am-ին հայտնեց գործով քննիչ Վահրամ Ավանեսյանը:
«Վաղը դատարան եմ մտնելու Յանիս Սարկիսովի (Զարուհի Պետրոսյանի ամուսին) կալանքի ժամկետի երկարացման միջնորդությամբ, քանի որ նախնական կալանքի ժամկետը լրանում է»,- ասաց նա:
Քննիչը նաև հավելեց՝ հարցաքննվողներից ոչ մեկը լրատվամիջոցներում զետեղված տեղեկատվությունը չի հայտնում, դրա համար Ոստիկանությանը հանձնարարվել է լրատվամիջոցներում բոլոր հրապարակումների հետ կապված վկաների իսկությունը պարզել և վկաների շրջանակ ապահովել:
Զարուհու հարևանուհի Հայկուհին այն եզակիներից է, ով տվել է ցուցմունք: Նա Զարուհու սկեսրոջը՝ Լիլիա Սարկիսովային է մեղադրում կատարված ողբերգության մեջ:
«Ես ոչ մեկի վատը չեմ ցանկանում, Աստված թող իրեն դատաստան անի: Սկեսուրը չէ՞ր կարող օգնություն հասցներ խեղճ աղջկան՝ կյանքը փրկելու համար: Թող իր տղի գաղտնիքները գնար հայտներ, ոչ թե բերանը փակեն ու ծեծեն: Երկու ամիս հարս ու սկեսուր չէին խոսում իրար հետ: Եղել է, որ հարսին նեղություն է տվել: Բոլորի տանը լինում է, բայց ոչ էս աստիճանի: Ինքը չպետք է իր տղուն բռներ, հարսին գցեր: Հենց ինքն է մեղավորը: Բայց դե ինչ եղավ, մեռնողին եղավ, սաղ սուտ է: Իրանց տունը հիմա ուրախություն էլ է, քեֆ էլ է: Ամեն ինչ էլ անում են, ծնունդ էլ են անում, ուրախություն էլ»,- ասում է Հայկուհին:
Նա գտնում է, որ երեխային Լիլիա Սարկիսովային չի կարելի վստահել: Կարծում է՝ «ոնց մոր ճակատագիրը եղավ, նենց էլ էդ երեխու ճակատագիրը կլինի»:
«Ավելի լավ է՝ էդ երեխան իր կյանքով ապրի: Զարուհուն լավ չեն վերաբերվել: Ես սկեսուրի մասին եմ խոսում, մարդու հետ գործ չունեմ, նա մարդասպան է: Սկեսուրն էլ պակաս մարդասպան չէր»,- ասում է Հայկուհին:
Զարուհի Պետրոսյանի քույր Հասմիկ Պետրոսյանը դիմել է Մասիսի քաղաքապետարան՝ քրոջ դստեր խնամակալությունը ստանձնելու համար: Դիմել է նաև Զարուհու սկեսուրը՝ Լիլիա Սարկիսովան:
Հասմիկի սկեսուր Անահիտ Կարապետյանի կարծիքով՝ հանձնաժողովը կանխակալ վերաբերմունք ունի խնամակալությունը Հասմիկին տալու վերաբերյալ:
«Մեզ ասացին երկուշաբթի օրը կդնենք հանձնաժողովի նիստին, կզանգենք կասենք լինում է, չի լինում: Ես էլ սպասում եմ, դեռ խաբար չկա: Բայց չէին ուզում տալ: Ասում է՝ տանք ինչ անենք, թող սկեսուրը տանի պահի: Ասում է՝ ինչքան էլ վատ մարդ լինի, էլի նա հայր է»,- բողոքում է Անահիտ Կարապետյանը:
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը դեռ նյութեր է հավաքում կողմերի մասին: Այս մասին hra.am-ին հայտնեց հանձնաժողովի անդամ Արթուր Բադալյանը:
«Բարդ, ծավալուն գործ է: Միանգամից որոշում կայացնելը անհիմն կլիներ: Պետք է երկու կողմն էլ լավ ուսումնասիրենք: Երկու կողմում էլ բացթողումներ կան երեխայի պահելու հետ կապված: Ուզում ենք այնպես անել, որ ի շահ երեխային լինի, որպեսզի երեխան նորմալ մթնոլորտում և խնամքի պայմաններում մեծանա: Քննիչի հետ էլ ենք խոսել, պետք է նորից հանձնաժողովով հավաքվենք, քննարկենք, որովհետև սա այն գործն է, որ չի կարելի շտապել, որպեսզի շտապողականության արդյունքում կայացրած որոշումը ի վնաս երեխայի չլինի»,- ասում է նա:
Հ.Գ. Զարուհի Պետրոսյանի ընկերուհին, որը չցանկացավ հրապարակել անունը, hra.am-ի հետ զրույցում պատմեց, որ Յանիս Սարկիսովը լավ չէր վերաբերվում դստերը:
«Երեխան հենց «պապա» էր կանչում, գնում էր հոր մոտ, Յանիսը Զառային կանչում էր, ասում էր՝ տար ստեղից: Նա չէր սիրում իր երեխային»:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
