Ա.Մինասյան. «Անհրաժեշտ է ստուգել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների սահմանման արդյունավետություն

Վերահսկիչ պալատի 2011թ-ի գործունեության ծրագրի Ազգային Ժողովում քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանին հորդորեց հաջորդ տարի ստուգման ենթարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների սահմանման արդյունավետությունը. «Գաղտնիք չէ, որ հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների առումով կա շատ լուրջ դժգոհություն հասարակության շրջանում և նաև առանձին դեպքերում, քաղաքական առանձին ուժեր հանդես են գալիս նախաձեռնություններով, որպեսզի հիմնավորվի` ի՞նչն է հիմք հանդիսանում սակագնի սահմանման համար և, ի վերջո, որքանո՞վ է այն նպատակաուղղված Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ազգաբնակչության բարեկեցության բարձրացմանը» ,- ԱԺ ամբիոնից հայտարարեց դաշնակցական պատգամավորը:

Ըստ Ա.Մինասյանի, վերոնշյալի կոնտեքստում ավելի քան կարևոր է գազի սակագնի սահմանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի առնչությամբ ՀՅԴ-ն նաև հանդես էր եկել հարցապնդմամբ, որպեսզի Կառավարությունը ներկայացներ գազի ոլորտի հետ կապված մի շարք ծառայությունների պարզաբանումները:
Ավելորդ է հիշեցնել, որ ՀՅԴ-ն գործադրի պատասխանից ամենևին էլ բավարարված չէր:

Այդպիսով, հաշվի առնելով այդ և մի շարք այլ հանգամանքներ, որոնց թվում ամենակարևորը հասարակության դժգոհությունն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Ա.Մինասյանն առաջարկեց ՎՊ-ին աչքաթող չանել հանձնաժողովի ստուգման հարցը և նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարի, երբ կքննարկվի ՎՊ-ի հաշվետվությունը, մի շարք հարցերի պատասխաններ հնարավոր կլինի ստանալ:

«Խոսքը ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի, ջրի և այլ սակագներին է վերաբերում, թեպետ հասկանալի է, որ միայն այդ հանձնաժողովով չենք կարող սահմանափակվել, որովհետև եթե խոսում ենք սակագների սահմանման վերահսկողության մասին, այն ներառում էիր մեջ ամեն ինչ` նաև կառավարության համակարգում գործող Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և այլն»,- եզրափակեց իր ելույթն Ա.Մինասյանը:

Աղբյուր`http://panorama.am