Դատական հայց` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վարչական դատարանում հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
Ինչպես ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ասաց դատարանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` Վարչական դատարան դիմելու պատճառը այն է, որ պաշտպանության նախարարը հրաժարվել է տրամադրել 2009 թվականին բանակում զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողների թվի վերաբերյալ:

«Պաշտպանության նախարարը հրաժարվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` այն պատճառաբանությամբ, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, և դա սահմանված է ցանկով` պաշտպանության նախարարի հրամանով», - նշեց Զեյնալյանը: - «Այնուհետև մենք դիմեցինք պաշտպանության նախարարին, խնդրելով տրամադրել այդ հրամանը, ուր գրված է, թե նշված տեղեկությունը գաղտնի է», - շարունակեց Զեյնալյանի:

Ըստ նրա` այս անգամ էլ պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, թե հրամանը, որը սահմանում է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, նույնպես գաղտնի է:

«Արդյունքում` իմ վստահորդը դիմել է դատարան, որպեսզի դատարանը ճանաչի տեղեկատվության իրավունքի խախտման փաստը, և անվավեր ճանաչի այդ հրամանի այդ հատվածը և պարտավորեցնի տրամադրել այդ տեղեկատվությունը», - նշեց փաստաբանը:

Այսօր Վարչական դատարանում կայացավ նշված հայցի առնչությամբ հերթական դռնփակ դատական նիստը:

Դատարանում պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` անցած տարի զինված ուժերում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների և ինքնասպանության հետևանքով զոհվել է 18 զինծառայող: Այս տարի արդեն հայտնի է նման 9 զոհերի մասին:

Աղբյուր՝ http://www.azatutyun.am