ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի են դուրս եկել «Նաիրիտի» աշխատակիցները

Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ցույցի են դուրս եկել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, պահանջելով իրենց աշխատավարձերը: Ըստ նրանց, արդեն երեք ամիս է իրենց աշխատանքի դիմաց չեն վճարել, հույս էլ չկա, որ կտան, իրենք էլ հարկադիր պարապուրդի մեջ են: Նաիրիտցիների խոսքով, իրենք եկել են «մի խումբ լքված, վիրավորված խղճուկ մարդկանց անունից» խնդրելու, որպեսի գործարանի վիճակը մանրամասն կերպով ուսումնասիրվի ու դրա հիման վրա եզրակացություն տան:
Ցուցարարներին հանդիպեց ու զրուցեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հետաքրքրվեց, թե երբ են վերջին անգամ նրանք աշխատավարձ ստացել: Բողոքի դուրս եկած մարդիկ էլ պատասխանեցին, թե վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ են ստացել նախարարի հետ հանդիպումից հետո` մոտ երեք ամիս առաջ: Նախարարին մարդիկ դժգոհություն հայտնեցին նաև գործարանի ներկայիս տնօրենի` Վահան Մելքոնյանի աշխատանքից, պահանջեցին վերադարձնել նախկին տնօրենին, «քանի որ այս տնօրենի հետ չեն կարողանում այլևս աշխատել»:
Լրագրողների հետ զրույցում Ա. Մովսիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք է: Նրա խոսքով, հիմա նախարարությունում փորձում են միջոցառումների պլան մշակել` տեսնելու, թե ինչպես կարող են դուրս գալ ստեղծված ծանր վիճակից: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող այն լուրերը, թե գործարանի սեփականատերը երկրի վարչապետն է: Ա. Մովսիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, ասաց, որ բոլորի անուններն էլ կարող են շրջանառվել:
«Դա ի՞նչ կապ ունի ստեղծված իրավիճակի հետ: Նույն իրավիճակը երկու տարի առաջ ստեղծվել էր հանքարդյունաբերության ոլորտում էլ, բայց դե արագ վերականգնվեց: Այս ոլորտն ամենածանր է, հեշտ չի վերականգնվում, այստեղ միայն «Նաիրիտի» խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց նախարարը:
Նա խոստացավ, մյուս շաբաթ` երեքշաբթի օրը հանդիպել գործարանի 7 աշխատակիցների հետ ու քննարկի խնդիրը:
Աղբյուր` http://panorama.am
