Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անտառահատումների դեմ պայքարի ծրագիրը ձգձգվում է «զարմանալի» պատճառներով

Անտառածածկ տարածքներում արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու, նոր համակարգ ներդնելու, ապօրինի անտառահատման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին հատկացված 395 հազար դոլարի դրամաշնորհից միայն 34 տոկոսն է ծախսվել:
Դրամաշնորհը հատկացվել է 2008 թվականի հոկտեմբերին, և ծրագիրը պետք է ավարտվի 2011-ի հոկտեմբերին: Դրամաշնորհի կառավարումը հանձնարարված է գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման բաժնի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հատկացված գումարը երկար ժամանակ չի ծախսվել` «զարմանալի» պատճառով:

«Պատկերացրեք` մենք աշխատում ենք մի համակարգի հետ, որը երբեք այդպիսի ծրագրեր չի իրականացնել, անգլերեն խոսող մարդիկ չկան, համակարգիչը դեռ նոր է մտնում կիրառության մեջ», - նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ անգլերենի և համակարգչային գիտելիքների բացակայությունը, փաստորեն, խոչընդոտել է ծրագրի իրականացմանը:

Գործընթացը ձգձգվել է նաև գյուղնախարարությունում կադրային փոփոխությունների պատճառով: Բացի այդ, Արտավազդ Հակոբյանի խոսքով, վարչության աշխատակիցները նաև ցանկություն չունեն 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով` լրացուցիչ բեռ վերցնել իրենց վրա:

Գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ղեկավար Եղիշե Ջհանգիրյանը նախ պարզաբանեց, որ իրենց մոտ քաղծառայողներ են աշխատում, և իրենց մոտ անգլերենին տիրապետողներ չկան, որովհետև նախատեսված չէ, որ վարչության աշխատակիցները պետք է անգլերենին տիրապետեն:

Բացի այդ, Ջհանգիրյանի խոսքով, վարչության աշխատակիցները` «լրացուցիչ բեռը վերցրել են այդ քիչ վարձատրությունով հանդերձ, և արել են այնքան, ինչքան որ կարողացել են»:

Համաշխարհային բանկի ներկայացուցչի պարզաբանմամբ, դրամաշնորհը պետք է օգտագործվեր անտառահատման դեմ մոնիտորինգի համակարգի բարելավման, փայտանյութի տեղաշարժի համակարգի ներդրման` փայտանյութի բացթողման վերահսկողության էլեկտրոնային համակարգի կիրառմամբ, և հանրային իրազեկման համար:

Աղբյուր՝ http://www.azatutyun.am