ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետք է ԶՈւ մասին օրենք և զինվորական օմբուդսմեն. Հրայր Կարապետյան

«Զինված ուժերում մեր այսօրվա ամենակարևոր խնդիրը օրենսդրական բացը լրացնելն է»։ «Դե ֆակտո» մամուլի ակումբում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ ճիշտ չէ, որ ՀՀ Զինված ուժերում փոխհարաբերությունները կարգավորվում են կանոնագրով։ Հրայր Կարապետյանի համոզմամբ՝ կանոնագիրը պետք է դառնա օրենք, որպեսզի թե՛ զինվորը, թե՛ հրամանատարական կազմը հստակ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Ըստ պատգամավորի՝ զինվոր-սպա անառողջ հարաբերությունները ժառանգվել են խորհրդային տարիներից։ Նա ասում է, որ մենք ունենք սպաներ, որոնք «արժանի չեն սպայի կոչմանը», որովհետև զբաղված են կոռուպցիոն գործունեությամբ՝ դրամաշորթությամբ և հովանավորչությամբ։
Հ.Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում հասունացել է զինվորական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու պահը։ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ պատգամավորի, ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէ ուշադրության կենտրոնում պահելու զինվորական ոլորտը։
Խոսելով ԱԺ հանձնաժողովի աշխատանքներից՝ նա ընդգծեց, որ զորամասերում իրականացված ստուգումների ժամանակ նրանք արձանագրել են, որ նախորդ տարիների համեմատ սննդակարգում զգալի փոփոխություններ կան, սննդի որակը բարելավվել է։
Հ.Կարապետյանը մեծ բացթողում է համարում այն, որ նորակոչիկները զենքի հետ վարվելու տարրական կանոններին չեն տիրապետում։ Այդ հարցը, ըստ պատգամավորի, պետք է լուծվի դպրոցում և բուհերում դասավանդվող ռազմագիտության առարկայի շրջանակներում։
Իննսունականներին գրանցված ծնելիության անկման «պտուղներն» այսօր արդեն նկատելի են։ Պատգամավորի խոսքերով՝ ժամկետային զինծառայողների պակասը լրացվում է պայմանագրային զինծառայողների միջոցով։ Հետաքրքրությունը պայմանագրային զինծառայության նկատմամբ մեծ է և բավականին շատ դիմումներ են ստացվում։ Իսկ խոսակցություններն այն մասին, որ զորակոչի տարիքը դառնալու է մինչև 35 տարեկան, իսկ ծառայությունը դառնալու է 3 տարի, իրականությանը չեն համապատասխանում։
Ադրբեջանի կողմից սադրանքների թվի նվազումը վերջին օրերին Հրայր Կարապետյանը պայմանավորում է խորհրդարանական ընտրություններով։ Նա եզրահանգում է, որ սադրանքների հրամանները վերևից են տրվում, իսկ այս պահին «վերևները» զբաղված են ընտրություններով։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
