ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ զինված ուժերում կրկին բռնություն է կիրառվել զինվորի նկատմամբ

Այսօր` նոյեմբերի 3-ին, հայտնի է դարձել, որ Նոյեմբերի 1-ին Նուբարաշենի զորամասի սպան ծեծի է ենթարկել 18-ամյա ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին: Վերջինիս տեղափոխել են հոսպիտալ բազմաթիվ վնասվածքներով, կոտրված քթով և ուղեղի ցնցումով: Ծեծի ենթարկողը տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Բարեղամյանն է:
Էրիկի ազգականների խոսքերով այդ օրը նա չէր մասնակցել առավոտյան զորավարժություններին, քանի որ վնասել էր ոտքը, ինչի պատճառով Բարեղամյանը 1 ժամ 40 րոպե ծեծի է ենթարկել զինվորին:
Պատասխանելով www.hra.am կայքէջի հարցերին, Պաշտպանության նախարարության քննչական բաժնի լրատվական ծառայությունից Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ սպայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 375 հոդվածի 1-ին կետով և իրականացվում է նախաքննություն:
Նշենք, որ Բարեղամյանի դեմ 1 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել մեկ այլ զինվորին ծեծի ենթարկելու համար: Այժմ գործը գտնվում է նախաքննության փուլում:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
