Անկախ պատգամավորը «դեմոգրաֆիական կատաստրոֆա» է որակում արտագաղթը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անկախության տարիներին Հայաստանից արտագաղթը համարում է «դեմգրաֆիական կատաստրոֆա»:
«Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իրոք երկրում ծնելիության մակարդակը ցածր է, մահացության մակարդակը բարձր է», - խորհրդարանում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:

«Տնտեսական անվտանգության աջակցություն» նախաձեռնության հիմնադիր Արսեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ու ՄԱԿ-ի ուսումնասիրությունների, «անկախության ամբողջ ժամանակաշրջանում` 1990 թվականից ի վեր Հայաստանից շուրջ 1.5 միլիոնով ավելի մարդ է դուրս եկել, քան վերադարձել են Հայաստան»:

Ծնելիության գործակիցը, որը խորհրդային տարիներին 2-ից բարձր է եղել (յուրաքանչյուր ընտանիքում առնվազն երկու երեխա), Արսեն Պետրոսյանի խոսքով, 2007 թվականից ի վեր այն կազմում է1.4, ինչը նշանակում է, որ չի ապահովվում վերարտադրությունը:

Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ, ըստ գիտնականների, արտագաղթի հիմնական պատճառները գործազրկությունն ու սոցիալական բևեռացումն է:

Դալլաքյանի հարցմանը, թե ինչ է նախատեսվում դեմոգրաֆիական իրավիճակը փոխելու ուղղությամբ, Կառավարությունը գրավոր պատասխանում նշել է, որ 2009 թվականի հուլիսին հաստատվել է համապատասխան ռազմավարություն և միջոցառումների ցանկ մինչև 2030 թվականը:

Անդրադառնալով խնդրին, թե ինչ արդյունավետությամբ են կյանքի կոչվում կառավարության մշակած ռազմավարությունն ու միջոցառումները` Դալլաքյանը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, ասաց. - «Համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը, իսկ դա մոտավորապես տարեկան 3 միլիարդ դոլարին համարժեք գումար է, ստվերային է: Պատկերացրեք, եթե ստվերային տնտեսության դեմ իրական պայքար մղվի, այդ միջոցները կարող են օգտագործվել կենսաթոշակները բարձրացնելու, հղիների նկատմամբ պետական քաղաքականություն իրականացնելու և ընդհանրապես սոցիալապես անապահով խավերի հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բայց, ցավոք սրտի, այդ քայլերը չեն կատարվում»:

Արտագաղթի պատճառների թվում մասնագետները նշում են երկրի անկայուն քաղաքական իրավիճակը, ոչ համապատասխան բիզնես իրավիճակը, մենաշնորհների առկայությունը: Այսինքն, անհրաժեշտ է ձևավորել համապատասխան տնտեսական միջավայր, խթանել ներդրումները, ապահովել սոցիալական արդարության, օրենքի առջև բոլորի հավասարության խնդիրները և լուծել Դալլաքյանի ձևակերպմամբ` «քաղաքական նշանակություն ունեցող մյուս կարևորագույն խնդիրը». - «Ժողովուրդը պետք է ձևավորի իր իշխանությունը, և ընտրությունների միջոցով պետք է փոխվի այդ իշխանությունը: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարության այս կարևորագույն նորմերը չեն իրականացվում»:

Աղբյուր՝ http://www.azatutyun.am