ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Երկրորդը կոչ է անում Իրաքի իշխանություններին ապահովել քրիստոնյա փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված 58 անմեղ զոհերի և Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, գրոհայինները ներխուժել են Ասորական Կաթոլիկ եկեղեցի, գերի են վերցրել շուրջ 100 մարդու, որոնց թվում կային կանայք և երեխաներ ու կրակ են բացել:
Դրանից առաջ ահաբեկիչները Քարադի քրիստոնյա թաղամասում մի քանի պայթյուն են կազմակերպել՝ փորձելով գրավել եկեղեցու մոտակայքում գտնվող առևտրային բորսայի շենքը: Իրաքի ոստիկանները ստիպված են եղել գրոհել եկեղեցին՝ հավատացյալներին ազատ արձակելու համար, որոնց գրոհայինները թույլ չէին տալիս լքել եկեղեցին: Մարդկանց գերի վերցնելու համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը, որը ներառված է «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության մեջ:
«Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատելություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սիրո և խաղաղության մեջ», - նշվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում:
Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Իրաքի Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու Պատրիարքին, եկեղեցականներին ու հավատավոր ժողովրդին:
Աղբյուրը՝ http://newsarmenia.am
