Հաջիևի նամակում ադրբեջանի իշխանությո՞ւններն են ջնջել տողերը. ԿԽՄԿ ներկայացուցիչը ներկայացրել է նամակը փոխանցելու կարգը

Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Խանբաբաօղու Հաջիևը, որն այժմ գտնվում է Հայաստանում, նամակ է հղել իր ընտանիքին: Ադրբեջանական լրատվական գործակալություններին ռազմագերու մայրը՝ Նաիլյա Մամեդովան փոխանցել է որդու նամակի բովանդակությունը` ասելով, որ նրա հետ ամեն ինչ լավ է:

Նամակում մասնավորապես նշվել է. «Բարև մայրիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք ինձ համար: Մեր հարևաններին ու հարազատներին փոխանցեք իմ ջերմ բարևները: Ցտեսություն»:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, մայրը նաև տեղեկացրել էր, որ «նամակում որոշ տողեր ջնջված են եղել»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը չմեկնաբանեց նամակում «ինչ-որ տողեր ջնջված» լինելու մասին հայտարարությունը` նկատելով, որ կոմիտեն չեզոք կազմակերպություն է և մեկնաբանություններ չի կարող անել: «Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանի տեղական իշխանությունները մինչև հասցետիրոջը հասնելը պետք է ծանոթանան նամակի բովանդակությանը»,-ասաց Ա. Աստաբացյանը:

Նա ներկայացրեց նամակը ռազմագերու ծնողներին, հարազատներին հանձնելու կարգը. «Նամակը հատուկ ձևի մեջ գրվում է ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության միջոցով փոխանցվում է ռազմագերու կամ գերու հարազատներին»:

Նշենք, որ Անար Հաջիևը 2009 թվականի մայիսի 10-ին հատել էր շփման գիծը և գերեվարվել հայ զինծառայողների կողմից:

Աղբյուր`http://www.panorama.am