ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր վարկած

Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե Խալաֆյանին սպանել է գործով ամբաստանյալ Մորես Հայրապետյանը:
«Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ այս վարկածը հիմնավոր է, և Վահանը ինքնասպանություն չի գործել, ինչպես նշված է պաշտոնական եզրակացության մեջ:
Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ խոշտանգումների ենթարկվելու պատճառով Խալաֆյանը դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։
Իրեղեն ապացույց համարվող դանակի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել:
Գործով մեղադրյալ ոստիկանները 4-ն են՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը և երեք օպեր-լիազոր։
Նախորդ նիստի ընթացքում մեղադրող կողմը պահանջել էր Աշոտ Հարությունյանին, որպես գլխավոր մեղադրյալի, դատապարտել 8 տարվա ազատազրկման։
Ի դեպ, մեղադրող կողմը Մորես Հայրապետյանի համար պահանջել է 2 տարվա պայմանական ազատազրկում:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին։ Այդ օրը ճառով հանդես կգան պաշտպանական կողմի փաստաբանները, մեղադրյալները կասեն վերջին խոսքը։
Աղբյուր՝ http://www.a1plus.am
